«Գագիկ Խաչատրյանի գործի հետ կապված նոր բան չկա». Փաստաբան
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո որևէ նոր բան չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ Նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Փաստաբանի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե երբ կլինի դատական նիստը, նույնը վերաբերում է նաև Գ. Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործին։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):
Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:
Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել:
Զվարթ Խաչատրյան