«1,5 տարվա ընթացքում դատաքննությամբ զբաղվելու փոխարեն՝ զբաղվեցինք բռնել-բաց թողնելու ներկայացմամբ»

«Եթե իսկապես արդարադատությունն էր հետաքրքրում, ապա Ռոբերտ Քոչարյանի՝ բանտում լինել-չլինելը չպետք է լիներ առաջնային, պարզապես պետք է գործը քննվեր։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ գործով զբաղվելու փոխարեն՝ տասներորդական հարցով զբաղվեցինք»,- խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Դատարանը կքններ գործը, կպարզեր, որ մեղավոր չէ, ազատ կարձակեր, կամ կպարզեր, որ մասնակցություն ունի Մարտի 1-ի բացասական իրադարձություններում, և կկայացներ դատավճիռ։ Ես միշտ դեմ եմ եղել նախնական կալանքին, եթե նախնական կալանքից ազատելը չի խանգարում քննությանը։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չէր փախչել, այնպես որ՝ նրան բանտ տանելը, ազատ արձակելն ու կրկին բանտարկելը հիմնական հարցից շեղում էր։ 1,5 տարվա ընթացքում դատաքննությամբ զբաղվելու փոխարեն՝ զբաղվեցինք բռնել-բաց թողնելու ներկայացմամբ»,- հավելեց Պ.Հայրիկյանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ. Քոչարյանն անդրադառնալով դատարանի՝ իր խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդության մերժմանը՝  ասաց.

«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ, եթե արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու: Ընդհանրապես, ես այն տեսակի մարդ չեմ, որ կարող եմ ինչ-որ բանից փախչել: Հասկանում եմ, որ դժվար է իրենց համար սա պատկերացնել: Եթե փախչող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ կխմեին: Ինձ համար վիրավորական է, որ ես ստիպված եմ սա ասել, որովհետև մարդու կենսագրությունը, երևի, շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որ ինքը կարող է անել»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս