«Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումն էական որևէ դերակատարում ունենալ չի կարող». Պարույր Հայրիկյան
«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը սեպտեմբերի 5-ին իրենց իսկ նախաձեռնությամբ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարությունը շտապել էր հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առկա քաղաքական իրավիճակը։
««Սասնա ծռերի» գործողությունը, որքան էլ իր մեջ անձնվիրություն պարունակեր, դա հուսահատական գործողություն էր, իսկ հանդիպումը համարում եմ մի դրվագային հանդիպում։ Մեր ազգային-քաղաքական կյանքի համար Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը էական որևէ դերակատարում ունենալ չի կարող, որովհետև այնտեղ չկա «Երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնենք» մեր հիմնական կարգախոսի առաջադրումը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ հանդիպման մասին Վանաձորում հրավիրված ասուլիսին խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով չմոռանալ, որ իր ընդդիմադիր եղած ժամանակ ինքը ճանապարհ է անցել «Սասնա ծռերի» անդամների հետ։
«Ի վերջո, եկեք չմոռանանք, որ շատ երկար ժամանակ մենք ընդդիմադիր դաշտում գործել ենք, և այդ ընթացքում նաև որոշակի հարաբերություններն են ձևավորվել։ Այո՛, քաղաքական առումով մենք հեռացել ենք, այդ հեռացումը եղել է հրապարակային, սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնություններ կային։ Բայց հասկանում ենք՝ մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել՝ Գարեգին Չուգասզյանին ու Ժիրայր Սէֆիլյանին ես բանտում այցելել եմ, և այլն»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այն տեսակետին չէ, որ վարչապետ դառնալուց հետո ինքը պետք է իրեն դիմող մարդկանց ասի, որ չի ցանկանում հանդիպել։
Անի Կարապետյան