«Ես ամեն ինչ արեցի, որ հեռանամ». Նեյմար
Նեյմարն այս մրցաշրջանում առաջին անգամ մասնակցեց ՊՍԺ-ի հետ հանդիպմանը: Հանդիպումը նաև առաջինն էր «Բարսելոնա» վերադառնալու մասին քննարկումներից հետո:
Հենց շաբաթ օրը բրազիլացին հրաշք գործեց՝ «Ստրասբուրգի» դեմ խաղի 92-րդ րոպեին (1:0) խփելով հաղթական գոլը՝ շրջադարձ հարվածով:
Սակայն խաղից հետո լրագրողների բոլոր հարցերը Նեյմարի հեռանալու փորձերի մասին էին: Եվ Նեյմարը չէր խուսափում լրատվամիջոցներին խոստովանել, որ ինքն իրոք ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից:
«Բոլորը գիտեն, որ ես ուզում էի հեռանալ: Ես դա պարզ ասացի: Ես չեմ մանրամասնի, քանի որ դա ազդում է ուրիշների վրա:
Բայց ես դեռ ՊՍԺ-ի խաղացող եմ, և ես մտադիր եմ ուրախ լինել խաղադաշտում: Հիմա ես մտածում եմ ՊՍԺ-ի մասին: Միշտ հասկացրել եմ, որ ՊՍԺ-ի կամ երկրպագուների դեմ ոչ մի բան չունեմ: Սրանք անձնական պատճառներ էին:
Ես ունեի իմ պատճառները և ամեն ինչ արեցի, որ դա տեղի ունենա, բայց, ցավոք, նրանք ինձ թույլ չտվեցին հեռանալ: Սա արդեն պատահել է, բայց սա առաջին և վերջին անգամն է, երբ ես ուզում եմ խոսել դրա մասին:
Իմ մտքերը կենտրոնացած են միայն ՊՍԺ-ի վրա»:
Փարիզյան ակումբի երկրպագուները թշնամաբար ընդունեցին Նեյմարին և սուլում էին ամբողջ հանդիպման ընթացքում: Մարզադաշտում առկա էին մի շարք վիրավորական պաստառներ:
Երկրպագուները Նեյմարին ուղարկում էին Մեսսիի գիրկը, նրան անվանում էին թանկարժեք մարմնավաճառ, և այլն:
Այս ամենն իսկապես հիասթափեցրեց Նեյմարին:
«Տխուր է: Բայց ես գիտեմ, որ տնային յուրաքանչյուր խաղ նման կլինի արտագնա խաղի:
Երկրպագուները պետք է երկրպագեն 90 րոպե: Սա ավելի կարևոր է, քան ֆուտբոլիստներին սուլելը:
Նույն երկրպագուները, ովքեր սուլում են քո ուղղությամբ, նրանք են, ովքեր վայելում են գոլերը: Նրանք անցկացրին ամբողջ հանդիպումը սուլելով, իսկ հետո ստիպված եղան տոնել»,- նշել է Նեյմարը:
Սիրարփի Աղաբաբյան