«Երբ Փաշինյանն ամբիոնից ասաց, որ հեղափոխական կոմիտե են ստեղծելու, ես հասկացա, որ նրա մեջ նստած է բոլշևիկը». Պարույր Հայրիկյան
«Մեր չեկիստածին իշխանավորները մինչ օրս նույնիսկ չեկիստի օր են նշում՝ ազգային անվտանգության ծառայողի օր հայտարարելով դեկտեմբերի 20-ը, բայց, հանկարծ հայտնվում է ԱԱԾ պետ, ով հակադրվելով բոլշևիկ ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, հանկարծ հայտարարում է, որ թող ոչ ոք չկարծի, թե մենք բոլշևիկներից ենք սերվում։ ԱԱԾ-ն համարում է, որ իր արմատները գալիս են 1918թ. հետախուզության և հակահետախուզության մարմին ստեղծելու՝ անկախ Հայաստանի որոշումից։
Սա մարտահրավեր էր, և ես մտածում էի, որ բոլշևիկ Նիկոլը չպետք է հանդուրժի, իսկ երբ հրապարակում Փաշինյանն ամբիոնից ասաց, որ հեղափոխական կոմիտե են ստեղծելու, ես հասկացա, որ նրա մեջ նստած է բոլշևիկը։ Հիմա՝ Վանեցյանը, 30 տարվա մեջ առաջին անգամ հակադրվեց բոլշևիկյան մոտեցմանը։ Օգնականի շուրթերով կարևոր բան ասաց՝ ԱԱԾ-ն դատապարտում է ՉԵԿԱ-ի, ԿԳԲ-ի գործած չարագործությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հանդես գալով հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. «Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:
Անի Կարապետյան