
Թալիբներն ստանձնել են Փարվանի նահանգում և Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը. Al Jazeera

«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 17-ին Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի շտաբի կողմից նախընտրական հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու, որոտացել է երկու պայթյուն: Զոհվել է առնվազն 24 մարդ, 31 հոգի վերքեր են ստացել: Աֆղանստանի գործող նախագահը չի տուժել:
Փոքր-ինչ ավելի ուշ Քաբուլի կենտրոնական մասում տեղի է ունեցել եւս մեկ պայթյուն: Զոհվել է առնվազն երեք մարդ, մի քանի աֆղանցիներ վերքեր են ստացել:
Աֆղանստանի նախագահի ընտրությունները նշանակված են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին:
Ավելի վաղ պլանավորվում էր, որ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 20-ին: Դրանք տեղափոխել են արդեն մի քանի անգամ: Ղանին Աֆղանստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից: Սահմանադրությանը համապատասխան, պետության ղեկավարն ընտրվում է 5 տարով՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: