Վաճառքի է հանվել Էդվարդ Սնոուդենի հուշերի գիրքը
Սեպտեմբերի 17-ին սկսվել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից եւ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին պայմանագրորդ Էդվարդ Սնոուդենի հուշերի գրքի վաճառքները: Amazon-ում այն վաճառվում է 24,8 դոլարով փափուկ կազմով, 18,16 դոլարով կոշտ կազմով, 15,11 դոլարով էլեկտրոնային ձեւաչափով։
Դրա անվանումը՝ Permanent Record կարելի է թարգմանել որպես «Անձնական գործ»: Այն մատչելի է երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ մեծ Բրիտանիայում:
Սնոուդենը գրքում պատմում է, թե ինչպես են Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն օգտագործում լրտեսության էլեկտրոնային մեթոդները համաքաղաքացիների եւ օտարերկրացիների, ընդհուպ մինչեւ պետությունների ղեկավարների նկատմամբ, ինչպես է ինքն օգնել ստեղծելու այդ համակարգը եւ ինչու է որոշել 2013 թվականին երկրից փախչել եւ գաղտնազերծել այդ տվյալները: 2013 թվականի ամռանից նա գտնվում է Ռուսաստանում, որտեղ կեցության վկայագիր է ստացել:
Գրքի հրապարակումից առաջ Սնոուդենը մի քանի հարցազրույց է տվել: Guardian թերթին նա պատմել է, որ քայլում է Մոսկվայում՝ չթաքցնելով դեմքը, երկու տարի առաջ ամուսնացել է եւ շարունակում է կարոտել ֆաստֆուդի Taco Bell ցանցի կերակուրը: Նա նաեւ նշել է Ռուսաստանի գեղեցկությունը եւ նրա քաղաքականության խնդրահարույց լինելը: Նա նաեւ նշել է, որ կցանկանար տեղափոխվել Ֆրանսիա կամ Գերմանիա: ԱՄՆ-ում Սնոուդենին առաջադրել են լրտեսության եւ պետական սեփականության հափշտակման մեղադրանքներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: