Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին դուրս է գալիս կառավարող Դեմկուսից
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջէ մտել «5 աստղի» շարժման» հետ: Այդ մասին նա պաշտոնապես հայտնել է սեպտեմբերի 17-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում։
«Ես լքում եմ ԴԿ-ն, եւ դա ի շահ բոլորի: Ինձ հետ են շուրջ 30 խորհրդարանականներ, բայց ոչ ոք չի վտարվում: Դուք դա համարում եք պառակտում, ես՝ նոր սկիզբ: Երբեք վատ խոսք չեմ ասի գործընկերներիս մասին: Բայց ամեն բան ինչ-որ ժամանակ ավարտվում է»,- ասել է Ռենցին:
Դեմոկրատական կուսակցությունից դուրս գալու քաղաքական գործչի հայտարարությունն սպասելի էր: Ավելի վաղ Ռենցին, որը ԴԿ-ից սենատոր է ընտրվել, ժխտում էր, թե պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել: Այժմ խորհրդարանում նա մտադիր է ստեղծել ինքնավար խմբակցություն, որը «կհայտնվի արդեն շաբաթվա վերջին»: Այնուամենայնիվ Ռենցին հավաստիացրել է, որ ԴԿ-ից իր հեռանալը ոչ մի կերպ չի ազդի Ջուզեպե Կոնտեի կառավարության ճակատագրի վրա, որին ինքը կշարունակի պաշտպանել՝ դրանով իսկ երաշխավորելով խորհրդարանական մեծամասնության պահպանումը:
Դեռ ավելին, «Շարժման» եւ «Լիգայի» կոալիցիայի կազմալուծումից հետո Ռենցին նպաստել է ԴԿ-ի եւ «հինգաստղանիների» միջեւ դաշինքի կնքմանը, որոնք մինչեւ հիմա անհաշտ հակառակորդներ էին: Քաղաքական գործիչը դա բացատրել է այն բանով, որ իր գլխավոր նպատակը եղել է պայքարը «Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինիի դեմ եւ նրան իշխանության գալ թույլ չտալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: