«Ադրբեջանին ԱՄՆ-ի տրամադրած օգնությամբ ձեռք բերվող սարքավորումների կիրառումը ՀՀ-ի և Արցախի դեմ հավանական չէ». Տարոն Հովհաննիսյան

Վանաձորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ․ ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247.8 մլրդ դրամի դիմաց:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս անցյալ տարի ներկայացված և հաստատված բյուջեի նախագծից արդեն իսկ պարզ էր, որ ՀՀ ռազմական բյուջեն 25-26 տոկոսով աճում է, ինչը խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական բյուջեների միջև առկա տարբերության կրճատման մասին:

«Միջոցների մի մասը, հավանաբար, նախատեսված է ռազմական գնումներին ուղղելու նպատակով: Ներկայիս փոխարժեքով այդ գումարը համարժեք է 655 մլն ԱՄՆ դոլարի: Ադրբեջանը նույն տարվա համար Պաշտպանության նախարարությանը հատկացրել է շուրջ 870 մլն դոլար, իսկ ռազմական գնումների և «այլ ծախսերի» համար՝ ևս շուրջ 800 մլն դոլար: Սակայն հաշվի առնելով ձեռք բերվող զինտեխնիկայի համար վճարվող գների տարբերությունը (ՀՀ-ն հիմնականում գնում է ՌԴ-ից՝ ներքին գներով)՝ իրականում ձեռք բերվող սպառազինության ծավալն ուղիղ համեմատական չէ ռազմական բյուջեով նախատեսված միջոցների հարաբերակցությանը: Ըստ այդմ՝ միայն թվերի հիման վրա հնարավոր չէ համեմատություն կատարել: Ակնհայտ է, որ ռազմական բյուջեների միջև առկա տարբերությունն այս աճի շնորհիվ կրճատվել է»,- մանրամասնեց նա:

Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության մասին.

«Դատելով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հայտարարությունից՝ նշված 10 մլն դոլարը կփոխանցվի Կասպից ծովում Ադրբեջանի ծովային անվտանգության ապահովման նպատակով: Նշված է, որ Ադրբեջանին այս ծրագրի շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզական սարքավորումները կտրամադրի ամերիկյան VSE կորպորացիան, որին էլ գումարը փոխանցվում է:

Ըստ որում, աշխատանքների 88 տոկոսն ԱՄՆ-ում է իրականացվելու:

Նշված ընկերությունը հիմնականում զբաղվում է նավերի և այլ տեխնիկայի սպասարկման հարցերով: Ըստ նշված ընկերության նախկինում տրամադրած զեկույցի՝ այդ ընկերության աշխատակիցներից մեկը զբաղվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նավերի սպասարկմամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ առնվազն կարող ենք եզրակացնել, որ նշված 10 մլն դոլարի օգնությունն ուղղվելու է Կասպից ծովում Ադրբեջանի նավատորմին, ամենայն հավանականությամբ՝ ոչ թե բանակի, այլ հենց սահմանապահ ծառայության: Սա իր հերթին՝ թույլ է տալիս ենթադրելու, որ տրամադրված օգնությամբ ձեռք բերվող սարքավորումների կիրառումը Հայաստանի և Արցախի դեմ հավանական չէ»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:

Մեզ հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետն անդրադարձավ նաև երեկ մեկնարկած Ադրբեջանի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2016 թվականից սկսած Ադրբեջանի բանակը տարեկան անցկացնում է 2-4 լայնամասշտաբ զորավարժություն (10 հազար և ավելի հայտարարվող անձնակազմի ներգրավմամբ):

Զորավարժությունների մի մասը, հայտարարվող սցենարի համաձայն՝ հակահարձակողական են, որոշ մասը՝ հարձակողական: Իսկ 2019թ. ընթացքում անցկացվել է նման 2 զորավարժություն՝ մարտին և մայիսին, որոնցից մեկը եղել է հարձակողական, մյուսը՝ հակահարձակողական սցենարով:

«Սեպտեմբերին մեկնարկածը նմանատիպ 3-րդ զորավարժությունն է, որը ևս սցենարով հակահարձակողական է: 2018 թ. ընթացքում ևս հայտարարվել է 3 խոշոր զորավարժության անցկացման մասին, սակայն ավելի մեծ անձնակազմի ներգրավմամբ՝ 20-30 հազար: Այս առումով որևէ նորություն չկա: 2018թ. ևս 3-րդ խոշոր զորավարժությունն անցկացվել է սեպտեմբերին: Այսինքն` այս զորավարժությունը ևս պլանային բնույթ է կրում: Բնականաբար, անհրաժեշտ է ուշադիր հետևել զորավարժության ընթացքին, սակայն խուճապի մատնվելու որևէ առիթ և անհրաժեշտություն առհասարակ չկա»,- ամփոփեց նա:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս