«Արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի ուղեղում և կաբինետում եփվում է աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների որոշման նախագիծ, և Վանեցյանի հրաժարականը կապում եմ այդ դավադիր պրոցեսի նախապատրաստման հետ». Արմեն Աշոտյան

«Փաշինյանը երեկ ներկայացրեց, այսպես կոչված, 100 փաստ նոր Հայաստանի մասին, և եթե ուշադիր հետևել եք եթերին, ապա կնկատեք, որ Հայաստանի նման երկրի համար կառավարության գործունեության մեջ այդ 100 փաստի շարքում ընդամենը մեկ արտաքին քաղաքական անդրադարձ է եղել։ Այսինքն՝ վարչապետը և կառավարությունը, որոնք պատասխանատու են Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության համար, իրենց ողջ գիտաֆանտաստիկ ստեղծագործական ներուժով հանդերձ՝ կարողացել են մեզ հրամցնել ընդամենը մեկ փաստ արտաքին քաղաքականությունից։ Այդ փաստն էր Եվրամիության կողմից այս տարվա համար լրացուցիչ հատկացված շուրջ 35 միլիոն եվրոն»,- իր՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին նվիրված  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջինս նշում է, որ, իհարկե, զավեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան ձեռքբերման փաստեր՝ կապված ՌԴ,  Իրանի, ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ-ի  հետ կապված հարաբերությունների մասին, և երեկվա այդ շարանի մեջ այս կառավարության արտաքին քաղաքական վակուումը պարզապես աչքի էր զարնում ու իր մեջ շատ վատ նախանշաններ էր պարունակում։

Արմեն Աշոտյանը կարծում է, որ այդ շարանի մեջ պակաս զավեշտալի չէր Արցախյան խնդրին անդրադարձը, որովհետև վարչապետը հիշատակեց երեք «իբր թե» հաջողություն։

«Ըստ իրեն՝ Արցախի ուղղությամբ համար 1 հաջողությունն այն էր, որ Կառավարությունը կարողացել է դիտորդական առաքելություն ֆինանսավորել իրենց սպասարկող հ/կ-ների և շատ կոնկրետ անցյալ ու ներկա կապեր ունեցող հ/կ-ներին ուղարկել Ղարաբաղ և իրենց վերագրել արցախցու՝ ազատ ընտրություն իրականացնելու փաստը։ Երկրորդ հանգամանքը, որով նա անդրադարձավ Արցախին, իր հանրահավաքն էր այնտեղ։ Այսինքն՝ կառավարության ձեռքբերումների մեջ մենք ունենք Ստեփանակերտում հանրահավաքի կազմակերպում։ Համաձայնեք, որ առնվազն անլուրջ է։ Վարչապետի շուրթերից լսել նման անհեթեթ բաներ, այն էլ՝ Արցախի հետ կապված, պարզապես ցավալի է և վկայում է բացարձակապես անլրջության մասին, որ Նիկոլ Փաշինյանին պատել է արտաքին քաղաքականության, անվտանգության և Արցախի հարցերում հատկապես»,- ասաց  6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Նա նկատեց նաև, որ ասուլիսի ժամանակ վարչապետը գեթ մեկ անգամ չանդրադարձավ իր խոստման կատարման ընթացքին, իսկ Արցախի հարցում իր հիմնական դրոշակը, մեխը նա էր, որ նա փորձելու է Արցախը վերադարձնել բանակցային սեղան։

«Կառավարությունն ու վարչապետը մեծ ջանքեր են գործադրում, որ մոռացության մատնեն իրենց տված այդ խոստումը, և երեկ վարչապետը որևէ կերպ չանդրադարձավ՝ ո՞ր փուլում է այս խնդիրը, ինչո՞ւ այն չի լուծվում, իսկ այդ խնդիրը չլուծելու դեպքում ինչո՞ւ նա չի ընդունում, որ տվել է հերթական սուտ խոստումը»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Ըստ բանախոսի՝ վարչապետը երեկ իր այդ 100 «փուստերի» մեջ բազմաթիվ տնտեսական ցուցանիշներ հիշատակեց, և դրանց մեջ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի հերթական հրապարակումը, որն անդրադառնում էր տուրիզմի զարգացման համաշխարհային վարկանիշներին, և ասաց, որ Հայաստանը 5 տեղով առաջ է անցել, և դա վերագրեց իրենց՝ որպես խոշորագույն ձեռքբերում, խոսեց նաև զբոսաշրջիկների քանակի՝ իբր թե աննախադեպ աճի մասին։

«Չեմ  զլացել և նայել եմ Համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին 3 զեկույցները և հայտնաբերեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան գովերգված առաջընթացն իրականում տեղի է ունեցել նաև 2017թ.՝ 2015թ. համեմատությամբ։ Այսինքն՝ ասածս այն է, որ Հայաստանը հետևողականորեն, առանց Նիկոլ Փաշինյանի էլ նույն կերպ առաջ էր գնում, և սա հրամցնել որպես ձեռքբերում՝ պարզապես ծիծաղելի է, որովհետև նման ձեռքբերում ուներ նաև նախորդ կառավարությունը։ Ինչ վերաբերում է տուրիստների քանակի աննախադեպ աճին, ապա խոստովանենք, որ զբոսաշրջիկների տարեկան աճը Հայաստանում վերջին տարիների մշտապես 10-15 տոկոսից պակաս չի եղել, և սա սովորական աճ է Հայաստանի համար։ Բայց հատկապես փաշինյանական ֆանատները կհիշեն, որ անցյալ տարի ԱԺ-ում, երբ նա վարչապետ էր առաջադրվում, իր ծրագրային ճառի մեջ ինչ սրտաճմլիկ բաներ ասաց՝ թռիչքաձև աճ, տուրիստներ, որովհետև տուրիստները ցանկանալու են տեսնել՝ ո՞րն էր այդ երկիրը, որ կարողացավ անարյուն հեղափոխություն իրականացնել։ Մենք չունենք այդ բեկումնային աճը, ինչպես տեսնում եք»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Նա նշում է, որ ասուլիսի ժամանակ վարչապետը, հասկանալով, որ այլ ասելիք չունի, կրկին սկսում է խաղարկել հակակոռուպցիոն քարտը, քանի որ 4.5 ժամ տևած ասուլիսի ժամանակ նա մի քանի տասնյակ անգամ արտաբերեց կոռուպցիա, կոռուպցիոն նախկին ռեժիմ արտահայտությունները։

«Վատ մեքսիկական սերիալների սցենարիստ-ռեժիսորի նման՝ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ այդ սերիալն այլևս պետք է փակել, քանի որ այն զարգացման որևէ լուրջ սյուժե չունի։ Ամեն անգամ շահարկելով այս թեման՝ հիմա էլ հանգիստ է պատրաստվում թողնել Սաշիկ Սարգսյանին և թիրախավորել է Սերժ Սարգսյանի ընտանիքի այլ անդամներին։ Վստահաբար կարող եմ ասել, որ ելքն ավելի չի լինելու, քան Ալեքսանդր Սարգսյանի դեմ վարվող և ոչ մի բանով չավարտված այս 1.5 տարվա, այսպես կոչված, կոռուպցիոն կեղծ բացահայտումները»,- ասաց Արմեն Աշոտյանը։

 «Ի տարբերություն Ձեզ, մենք չենք թիրախավորում երեխաներին, ուստի դադարեք խաղարկել փոքրիկ, չքնաղ Արփիի կերպարը Ձեր քաղաքական խաղերի մեջ»

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը երեկ մի կեղտոտ հնարքի դիմեց, փորձեց ասել, որ «հես ա կասեն, որ իր փոքրիկ դուստր Արփին փայ ունի ինչ-որ հանքում, 50/50, և այլն»։

«Հարգելի պարոն Փաշինյան, առաջինը հիշեք, որ մենք երբեք սուտ բաներ չենք խոսում։ Հատկապես ձեզ քննադատելիս՝ հիմնվում ենք բացառապես փաստերի վրա և նման կեղծ տեղեկություններ մենք տարածել չենք կարող, հանգիստ եղեք։ Եվ երկրորդ՝ էլ ավելի կարևորը։ Ի տարբերություն Ձեզ, մենք չենք թիրախավորում երեխաներին, ուստի դադարեք խաղարկել փոքրիկ չքնաղ Արփիի կերպարը Ձեր քաղաքական խաղերի մեջ, որովհետև որպես տղամարդ և որպես հայր՝ կարծում եմ, Դուք դա չպետք է անեք։ Ավելի բացատրելու կարիք չկա, եթե այսքանը հասկացաք»,- վարչապետին դիմեց ՀՀԿ փոխնախագահը։

Ըստ նրա՝ ամոթ է, երբ երկրի վարչապետը խոսում է կուտակված աղբից ու, որպես ձեռքբերում՝ նշում 8-10 աղբատար մեքենաների ներմուծումը քաղաք, և դրանք զուր ջանքեր են՝ երևանցիների վզին նրա իսկ կողմից փաթաթած անհաջող քաղաքապետին արդարացնելու համար։ Արմեն Աշոտյանը խոստացավ նաև, որ առաջիկայում կբացատրի, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատամներով պահում Հայկ Մարությանին։

Արմեն Աշոտյանն իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ նաև Իջևանի քաղաքապետի խնդրին, ով վարչապետի ընկերն է, ու նրա տված բացատրություններին այդ թեմայով, խոսեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ այդտեղ աշխարհաքաղաքական մեծ գործոն կա։

https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10219209873255789/?fref=search&__tn__=%2Cd%2CP-R&eid=ARBExceNvc5-9EUFecgeU47uoRDfzl44qzmsFN-yR8zSYbnbz-RaRuJwIXle3CqclVnThJh7yPtHKcdi

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս