«Օրվա իշխանությունները՝ ի դեմս Վանեցյանի, տեսնում է որոշակի սպառնալիքներ». Քաղտեխնոլոգ
Երեկ Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց մամուլում տարածված այն տեղեկատվությունը (ինչը, սակայն, իշխանությունները հերքում էին), որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Ըստ վարչապետի, հրաժարականը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնության ու քննարկումների արդյունքում, և այս պահին Արթուր Վանեցյանի հետագա գործունեության հետ կապված մի քանի սցենարներ կան, սակայն գլխավոր սցենարն այն է, որ նա պետք է կենտրոնանա Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքների վրա։
Վարչապետի հայտարարությունից րոպեներ անց Արթուր Վանեցյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ»։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Ա. Վանեցյանի հրաժարականին, նկատեց, որ վերջին շրջանում դրա մասին շատ էր խոսվում, ինչն ավելի շատ դիտարկվում էր նրա բարձր վարկանիշի ներքո։
«Կարծում եմ՝ Վանեցյանի հրաժարականը, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդում, թե փոխադարձ համաձայնության արդյունք է, այդքան էլ այդպես չէ։ Ըստ իս, ամեն ինչ տեղի է ունեցել իշխանական ներքին պայքարի արդյունքում։ Ինչպես հայտնի է՝ այնտեղ մի քանի թևեր կան՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, հասարակական հատված, և այլն։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը գերադասեց հասարակական սեկտորը՝ քաղաքացիական հասարակությունը՝ ավելի շատ տուրք տալով նրա ցանկություններին։ Այն, որ այս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իշխանության մեջ արդեն երկար ժամանակ պահանջում էին, որպեսզի Արթուր Վանեցյանն ու ուժային որոշ կառույցների ղեկավարներ հրաժարական տան, սա բացահայտ էր արվում»,- ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ նրա, այս շրջանում, երբ Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակների վերաբերյալ թեմաներն ակտուալ են, և վարչապետը զգալով, որ իր դիրքերն այդքան էլ ամուր չեն, այսպես ասած՝ տուրք է տալիս իշխանության այդ թևի ճնշումներին։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Արթուր Վանեցյանին ոչ թե պաշտոնանկ են արել, այլ ինքն է հրաժարական տվել։
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ վարչապետի կողմից Վանեցյանին այնպիսի առաջարկ է արվել, որին ինքը չէր կարող համաձայնել, ուստի հրաժարական է ներկայացրել։ Վանեցյանի հայտարարությունն ակնհայտորեն քաղաքական է, և չեմ բացառում, որ սա հայտ է քաղաքականություն մտնելու։ Նա ամեն ինչ բաց ասաց, թե՛ գնահատական տվեց իշխանությունների գործելաոճին, թե՛ նպատակներին։ Եվ ամենակարևորը՝ նա արդեն հանդես է գալիս այլընտրանքի տեսակետից՝ ըստ էության «Քայլ արա»-ի գաղափարախոսությանը հակադարձում է «Կանգ առ» գաղափարախոսությամբ, ինչը, այսպես ասած, սթափվելու կոչ է։
Ըստ իս, նա է վաղուց սպասված այն քաղաքական այլընտրանքը, որը դուրս կլինի նախկին երեք նախագահների եռանկյունուց»,- շեշտեց նա։
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ Արթուր Վանեցյանի դիմումն ուղղված է իր գործընկերներին՝ ԱԱԾ-ի աշխատակազմին, քանի որ, ըստ նրա հայտարարության՝ առաջիկայում ինչ-որ բաներ են սպասվում, որի պայմաններում ինքն իրեն այդ թիմում չի տեսնում։
«Մենք տեսանք, թե որքան նյարդային արձագանք ստացավ Վանեցյանի հրաժարականն իշխանության կողմից։ Որքան էլ վարչապետը պնդի, որ հրաժարականը փոխադարձ համաձայնությամբ է եղել, այդուհանդերձ սա անսպասելի քայլ էր, ինչն այդքան էլ փոխադարձ չէր։ Կարծում եմ՝ օրվա իշխանությունները՝ ի դեմս Վանեցյանի, տեսնում է որոշակի սպառնալիքներ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Զվարթ Խաչատրյան