«Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև ոչ մի մակարդակով բանակցություններ չեն լինի». Ալի Խամենեի
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
«Իրանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ ոչ մի մակարդակով բանակցություններ չեն լինի: Նման շփումները կնշանակեն Իրանի վրա ճնշման ամերիկյան քաղաքականության հաջողությունը»,- ասել է այաթոլլան: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նախօրյակին հայտնել է, որ երկրի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի նախագահն իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւէ նախապայմանի: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում:
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չէ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: