Իսրայելում մեկնարկել են երկրի պատմության մեջ առաջին կրկնական խորհրդարանական ընտրությունները
Սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) քվեարկության համար բացվել են տեղամասերն Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնական խորհդարանական ընտրություններում: Դրանց արդյունքներով կորոշվի 22-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչպես նաեւ պետք է կազմավորվի կառավարական կոալիցիա եւ նշանակվի վարչապետ։
Իշխանությունների տվյալներով՝ Իսրայելում ընթացող ընտրություններում կարող է քվարկել ավելի քան 6,3 միլիոն մարդ:
Երկրում կրկնական խորհրդարանական ընտրություններ են անցկացվում այն պատճառով, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 9-ի կայացած նախորդ ընտրությունների արդյունքում չկարողացավ օրենքով իրեն հատկացված 42-օրյա ժամկետում համաձայնության գալ կոալիցիայի ստեղծման շուրջը, որը 21-րդ գումարման Կնեսետում վերահսկեր 120 տեղերից նվազագույն անհրաժեշտ 61 տեղը:
Դրանց մասնակցելու համար գրանցված են շուրջ երեք տասնյակ կուսակցություններ, սակայն 3,25 տոկոս էլեկտորալ արգելքի հաղթահարման հույս կարող են ունենալ, եթե հավատանք սոցիոլոգներին, 12-ից պակաս կուսակցություններ: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ հաղթանակի հիմնական հավակնորդներն են Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքը («Սպիտակ-երկնագույն» դաշինք, այդպես է անվանված Իսրայելի դրոշի գույներով)՝ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի գլխավորությամբ:
Ելքահարցումների արդյունքները կհրապարակվեն ժամը 22:00-ին ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո, իսկ ձայների հաշվման առաջին պաշտոնական տվյալներն սպասվում են մի քանի ժամ անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: