
«Ջոջո ճագարը» հաղթել է Տորոնտոյի կինոփառատոնում

Նորզելանդացի ռեժիսոր Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը» (Jojo Rabbit) ֆիլմն ստացել է Տորոնտոյի 44-րդ Միջազգային կինոփառատոնի (Toronto International Film Festival, TIFF) Մեծ մրցանակը: Այս մասին հայտնել են կիոնոստուգատեսի կազմակերպիչները։
Դա կատակերգա-դրամատիկական ֆիլմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որի կենտրոնում 10-ամյա գերմանացի տղայի պատմությունն է: Դրանում գլխավոր դերերը կատարել են Ռոման Գրիֆին Դեւիսը, Թոմասին Մակքենզին, Թայքա Վայթիթին, Սեմ Ռոքուելը եւ Սքառլեթ Յոհանսոնը: Տորոնտոյում կայացել է այդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, կինոնկարը վարձույթ դուրս կգա 2019 թվականի հոկտեմբերի 18-ին: TIFF-ն տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ից մինչեւ 15-ը: Այնտեղ ներկայացվել է 333 ֆիլմ 84 երկրից:
Տորոնտոյում կինոփառատոնն անցկացվում է 1976 թվականից եւ աշխարհում խոշորագույններից մեկն է: Ի տարբերություն մյուս կինոփառատոների, TIFF-ում պաշտոնական ժյուրի չկա, իսկ գլխավոր պարգեւը «Հանդիսականների համակրանքի մրցանակն» է, որը շնորհվում է հանդիսականների քվեարկության արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: