Ստամբուլում տեղի է ունեցել «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Մրցանակը տրվել է ազգությամբ թուրք, նախկին ուսուցչուհի, կանանց իրավունքների պաշտպան Նեբահաթ Աքքոչին, որը պայքարել է կանանց նկատմամբ տղամարդկանց բռնության դեմ:
Մրցանակի է արժանացել նաև հնդկուհի Ագնես Խարշինգը, որը պայքարել է Հնդկաստանում աղքատների, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության համար:
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը սահմանվել է 2009 թվականին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից՝ ի հիշատակ նշանավոր պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի։ Մրցանակը հանձնվում է Թուրքիայից և արտասահմանից երկու անձի կամ կազմակերպության, որոնք պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ և նման կերպ խրախուսում և ոգեշնչում են մյուսներին:
Ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:
Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգայնականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին: