Բաժիններ՝

«Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ Համազգային թատրոնում մեկնարկեց նոր թատերաշրջանը՝ նվիրված Սոս Սարգսյանի 90-ամյակին

Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնն այսօր բացեց 28-րդ թատերաշրջանը՝ նվիրված մեծանուն դերասան Սոս Սարգսյանի՝ 90, և Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին։ 28-րդ թատերաշրջանը մեկնարկեց «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ։

«Ողջ թատերաշրջանի ընթացքում Համազգայինը կներկայացնի բազմաթիվ ծրագրեր և բոլորը կնվիրի Սոս Սարգսյանի հոբելյանին։ Ծրագրերը կլինեն և՛ Երևանում ու մարզերում, և՛ Հայաստանից դուրս։ Ունենք փառատոնային ծրագրեր, դրանք նույնպես կնվիրենք մեծանուն վարպետի 90-ամյակին»,- ներկայացումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով, եթե թատրոնն իր նախորդ թատերաշրջանը սկսել էր Հայաստանի սահմաններից դուրս, ապա այս շրջանում լինելու է Հայաստանում։

«Այս թատերաշրջանում ունենալու ենք երեք պրեմիերա։ Ունենք Շառլ Ազնավուրին նվիրված համերգ-ներկայացում, որը կներկայացվի «Գարի Քեոսայան» ջազ քառյակով։ Մենք մտածել ենք, որ այստեղ մենք անպայման ներկայացնենք հաղթանակած պատմություններ, իզուր չէ, որ մեր միասնական ճանապարհը սկսել էինք «Հաղթանակի գենեզիսը» ներկայացմամբ՝ այդ կերպ խորհրդանշելով, որ մենք պատմելու ենք հաղթանակած պատմություններ։ Իսկապես, ուզում եմ, որ մենք գտնենք այսօրվա հերոսին և փորձենք նրան նմանակել, թատրոնում սա կարևոր է»,- ասաց Ն. Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-ին՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, թատրոնում տեղի կունենա նաև  վարպետի հոբելյանին նվիրված երեկո։

Անդրադառնալով Համազգային թատրոնի շենքին, Արման Նավասարդյանը հավելեց՝ շինարարները խոստացել են, որ հաջորդ տարի ամռանը թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի։

«Բացի նրանից, ինչ պետք է անեն շինարարները, նաև մենք անելիքներ ունենք, այսինքն՝ բեմի հարդարանքը, դրանք փոքր թվեր չեն, լույսերը, ձայնը, սրանց համար մեծ թվեր են պետք, և մենք պետք է բարերարներին խնդրենք, որպեսզի մեզ օգնեն, որպեսզի համազգային ուժերով ունենանք Համազգային թատրոն։ Եթե ոչ՝ ամռանը, ապա՝ գոնե հաջորդ տարվա վերջին մենք կունենանք այդ շենքը»,- եզրափակեց Արման Նավասարդյանը։

Նշենք, որ «Լոռեցի Սաքոն» ներկայացումը կլինի Վանաձորում, Ստեփանավանում և մի շարք այլ քաղաքներում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=HQnzY1sP1yo&feature=youtu.be&fbclid=IwAR1aWl3DB8pM_PcPJgNlzW9mWm62BdOH4CHHBON9rLdgAWkY1xm5Wkglyis

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս