Բաժիններ՝

Լոնդոնյան նորաձևության շաբաթն առաջին անգամ «բացվել է» լայն հանրության համար

Լոնդոնյան նորաձեւության շաբաթը (LFW), որը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին, առաջին անգամ «բացվել է» ոչ միայն նորաձեւության ինդուստրիայի ներկայացուցիչների, լրագրողների եւ լուսանկարիչների, այլեւ լայն հանրության համար։

«Բայերները, լրագրողները, նորաձեւության ինդուստրիայի ներկայացուցիչները եւ հրավիրված հյուրերն առաջվա պես կարող են այցելել դեֆիլեներ, որոնք, սովորականի պես, հինգ օր կանցկացվեն Լոնդոնի տարբեր վայրերում: Իսկ լայն հանրության ուշադրությանը տոմսեր են առաջարկվել շաբաթ եւ կիրակի օրերին անցկացվելիք վեց դեֆիլեի համար, որոնք կապված են նորաձեւության հետ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է LFW-ի կազմակերպիչների ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ աշխարհի չորս գլխավոր նորաձեւության շաբաթներից (Նյու Յորք, Լոնդոն, Միլան, Փարիզ) առաջինը LFW-ն է դռները բացել լայն լսարանի առջեւ:

Այս անգամ Նորաձեւության բրիտանական խորհուրդը շատ է աշխատում մշակութային տարբեր կազմակերպությունների, խանութների եւ քաղաքային իշխանությունների հետ գործընկերությամբ, այնպես որ Նորաձեւության շաբաթին կուղեկցեն տարբեր միջոցառումները, շոուներն ու բանավեճերն ամբողջ քաղաքում:

Մինչդեռ ոչ բոլորն են խանդավառված Նորաձեւության շաբաթի անցկացմամբ: Սեպտեմբերի 13-ի առավոտյան էկոակտիվիստները, որոնք հագել էին «արյունոտ» բծերով ճերմակ հագուստներ, ավանդական ցույց են կազմակերպել Սթրենդ փողոցում LFW-ի անցկացման կենտրոնի մերձակայքում. նրանք ոչ երկար ժամանակով արգելափակել են մուտքի դուռը, եւ արհեստական արյուն հեղել, որպեսզի արյունոտ «կարմիր ուղեգորգով» հիշեցնեն շրջակա միջավայրի վրա նորաձեւության ինդուստրիայի, իրենց կարծիքով, բացասական ներգործության մասին: Ինչպես սպասվում է, բողոքի ակցիաները, որոնք կազմակերպում են Extinction Rebellion-ը եւ PETA-ն, կշարունակվեն Նորաձեւության շաբաթի բոլոր հինգ օրերի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս