
56-ամյա Դեմի Մուրը նկարահանվել է Harper՚s Bazaar նորաձեւության հանդեսի շապիկի համար

Հոլիվուդյան դերասանուհի եւ նախկին մոդել Դեմի Մուրը լիովին մերկ նկարահանվել է Harper՚s Bazaar նորաձեւության հանդեսի հոկտեմբերյան թողարկման շապիկի համար: Հայտնին լուսանկարը հրապարակել է իր Instagram-օգտահաշվում։
Լուսանկարում 56-ամյա մերկ Մուրը կեցվածք է ընդունել կողքով դեպի խցիկը՝ լողավազանի մոտ նստած եւ կուրծքը ձեռքերով ծածկած: Նրա կերպարը լրացված է վառ վարդագույն մեծածավալ եզրավոր գլխարկով եւ Van Cleef & Arpels ֆրանսիական լյուքս դասի ոսկերչական մակնիշի պլատինե թեւնոցով:
Դերասանուհու երկրպագուները զմայլված են նոր լուսանկարով:
«Քո արտաքին գեղեցկությունը որքան հիանալի է ներդաշնակվում ներքինիդ հետ»,- գրել է բաժանորդներից մեկը: «Ես կարծեցի, թե այդ լուսանկարներն արվել են 30 տարի առաջ: Դու ցնցող ես»,- հավելել է մեկ այլ բաժանորդ: Որպես լուսանկարների հեղինակ հանդես է եկել ծագումով պերուացի ֆեշն-լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն: