Ո՞վ է Աստված, ի՞նչ պատկերացում ունենք Նրա մասին, հավատու՞մ ենք Նրա գոյությանը, թե՞ ոչ
Ո՞վ է Աստված, ի՞նչ պատկերացում ունենք Նրա մասին, հավատու՞մ ենք Նրա գոյությանը, թե՞ ոչ: Հարցեր, որոնց պատասխանները, ցավոք, տարբեր են լինում: Մարդիկ, ովքեր անվերապահորեն հավատում են Նրա գոյությանը և հակառակը՝ անսահման կասկածանքով վերաբերվում այդ փաստին:
Կյանքը այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտողների ներքին կռիվ է: Հաղթում է նա, ով ամուր է իր հավատի մեջ, վստահ՝ Աստծո գոյության մեջ: Ով քաջ գիտակցում է՝ մերժելով Աստծուն, վտանգում է սեփական կյանքը:
Նրանք, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը, մարդիկ են, ովքեր ապրում ու առաջնորդվում են մեղավորը միշտ դիմացինն է կարգախոսով: Ինչո՞ւ: Որովհետև չեն հավատում Աստծուն: Այն Միակին, ով մեր մեր մեջ սերմանում է սեր ամենքի ու ամենի նկատմամբ: Ով առաջին հերթին հավատում է մեզ:
Ասում են՝ երջանիկ է նա, ում կյանքը տրվում է սիրելու համար: Ստացվում է՝ մարդն իրեն զրկում է սիրված լինելուց, եթե չի հավատում Տիրոջը: Աստված սեր է, իսկ Նրան հավատալը փոխադարձ սիրո նշան, հակառակ դեպքում՝ փախուստ ինքդ քեզնից: Աստված սիրո, ազատության, հանդուրժողականության մեծ չափաբաժին է նվիրել մարդուն և երբեք չի պարտադրում հավատալ Նրան, բայց կյանքը մեզ տարբեր ուղիներով փորձում է տանել, որ վերագտնենք ինքներս մեզ ու մեր մեջ՝ Աստծո ներկայությունը:
Հիշենք այն, որ մեր բոլոր խոսքերն ու արարքներն արժևորվում և իմաստավորվում են այն դեպքում, երբ սնուցվում են սիրով ու հավատով, իսկ դրանք մեզ համար ապահովում է Աստված: Չհավատալ նրա գոյությանը, նույնն է չհավատալ, որ կաս ու ապրում ես դու:
Լիլիանա Օսիպյան