«Հրաժարական է տվել հակահայ և թուրքասեր պաշտոնյա». Սերգեյ Շաքարյանցը՝ Ջոն Բոլթոնի հեռանալու մասին
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով, խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- ասվում էր ԱՄՆ նախագահի գրառման մեջ:
«Նման կարգի պաշտոնյայի հրաժարականը, որ երկրում էլ լինի, միշտ էլ հարուցում է տարբեր հարցեր, տարակուսանքներ:
Մենք՝ հայերս, պետք է հասկանանք, որ հրաժարական է տվել հակահայ, թուրքասեր պաշտոնյա, և, կոպիտ ասած, «ԲԻ» թիմի հոգևոր հայրերից մեկը:
«Բի» թիմ անվանումը սահմանել էր Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը հետո կրկնեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Ինչ է դա նշանակում. Մի շարք մարդիկ՝ Բոլթոնից սկսած, վերջին հինգ տարին աշխարհում տանում էին տարբեր կարգի հակաիրանյան քաղաքական կուրս: Այդ իսկ պատճառով ստիպված պետք է որակավորում տանք Բոլթոնին, որ նա ոչ միայն թուրքասեր և հայատյաց էր, այլ նաև սիոնիստների գործակալ ԱՄՆ վարչակազմի մեջ»,- թեմային անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ քաղաքագետի՝ այս հրաժարականն էական դեր չի ունենա Իրան-Ամերիկա հարաբերություններում. «Իրանը հայտարարել է, որ թեկուզև Թրամփը զոհաբերեց Բոլթոնին, սակայն դա ոչինչ չի փոխում Իրանի քաղաքական ընտրության մեջ՝ միայն ԱՄՆ կապիտուլյացիան կարող է փոխել Իրանի վերաբերմունքը տարբեր կարգի բանակցություններ վարելու առաջարկներում»:
Ս. Շաքարյանցը դեռևս էական ազդեցություն չի կանխատեսում նաև մեր տարածաշրջանի վրա. «Գուցե ինչ-որ մարտավարական քայլեր փոխվեն Ամերիկայի կողմից, այդ թվում՝ Արցախի կարգավորման գործընթացում, բայց իրան-ամերիկյան ոլորտում փոփոխություններ չեն լինի՝ մինչև Վաշինգոտոնը չի ընդունի Իրանի նախապայմանները»:
Զարուհի Դիլանյան