«Նույնիսկ Ստալինի ժամանակ նման օրենք չկար». Հրանտ Բագրատյան

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ

– Պարոն Բագրատյան, երեկ կառավարության նիստում հաստատվեցին «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները: Հիմնական քննարկման առարկան դարձավ հատկապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ինչի՞ համար է սա արվում, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Առաջին հայացքից թվում է, թե քննարկվող առարկան բանկային գաղտնիքն է. սակայն ես այնտեղ տեսա երկու նախագիծ. մեկը՝«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասը բացառում են: Սա ես հասկացա, որովհետև, եթե մարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ապա կարիք չկար, որ անպայման դատարանը որոշում կայացներ: Այդ նորմը կար, հաճախ մարդկանց տանում- դատում էին, որպեսզի կարողանային նրա բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություն ստանալ: Բայց օրենքն ավելի լայն է. օրենքի փոփոխության իմաստը ոչ թե բանկային գաղտնիքն է, եթե կարելի է համաձայնել բանկային գաղտնիքի մասով, բայց Քրեադատավարական օրենսգրքի մասով չի կարելի համաձայնել, որովհետև Քրեադատավարական օրենսգրքում կատարվում է մի փոփոխություն, որով ցանկացած մարդ, անկախ նրանից՝ կասկածյալ է, մեղադրյալ է, թե ոչ, քննիչը դատախազի միջոցով թուղթ է ստորագրում, տանում է դատարան, դատարանը որոշում է ընդունում, ընդ որում՝ որոշումը որակյալ լինել չի կարող, պարզապես գրված է, որ ողջամիտ պետք է լինի, և այդ մարդու ունեցվածքը, ամեն ինչ կարող են առգրավել կամ կալանքի տակ առնել: Համենայնդեպս, այդպիսին է այդ օրենքի փոփոխությունը, խնդրի մեխը սա է:

Քննարկումը կարծես թե արվում է բանկային գաղտնիքի շուրջ, բայց, բնականաբար, եթե առաջին փոփոխությունն անում ես՝ ունեցվածք ես կալանավորում, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը պետք է փոխես, որովհետև դա բանկային հաշիվներին էլ է վերաբերում: Բայց սա ածանցյալ երևույթ է: Իսկ այն մասով, որ այդ որոշումն ընդունվում է «Քրեական դատավարության մասին օրենսգրքի» փոփոխությամբ՝ կարճ նայեցի՝ Ստալինի ժամանակ այսպիսի բան չէր եղել: Մարդը կասկածյալ չէ, խոսքը չի վերաբերում մեղադրյալներին, խոսքը վերաբերում է ցանկացած մարդու. քննիչը կամ դատարանը կարող են համարել, որ նրա  գործունեությունն այս կամ այն կերպ կարող է կապ ունենալ այդ մարդու հետ: Հիմա բոլորս հարևաններ ունենք, բարեկամներ ունենք, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Սա վերջն է, սա արդեն նշանակում է՝ վերջ դեմոկրատական Հայաստանին, որտեղ չկա դատարանների բաժանում իրականում: Իրականում դատարանների անկախության փոխարեն՝ մենք ստանում ենք պատժիչ գործադիր մարմին, ԿԳԲ ենք ստանում՝ հանձինս դատարանների:

– Տնտեսության վրա սա ինչպե՞ս կանդրադառնա, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Սրանից հետո ներդրումների մասին մոռացեք: Եվ եթե այս տարի ես սպասում էի, որ 250 մլն կփախչի երկրից, որովհետև նախորդ տարի 250 մլն էր փախել երկրից, այս տարի ևս մի քանի հարյուր միլիոն կփախչի:

– Մտավախություն չկա՞ արդյոք, որ այս օրենքի ընդունումից հետո մարդիկ զանգվածաբար դուրս կբերեն իրենց ակտիվները բանկերից՝ համակարգը, թերևս, կոլապսի վտանգի առջև կանգնեցնելով։

– Նորից եմ ասում՝ ոչ միայն բանկերից. իրենց ակտիվներն ընդհանրապես ամենուրեք դուրս կբերեն մարդիկ:

– Ինչո՞ւ է կառավարությունը գնում նման քայլի:

– Ես ձեզ բացատրեցի՝ սա դրական բացատրություն ունի միայն այն պարագայում, երբ կառավարությունը պարզապես օրեցօր քայլեր է անում՝ տոտալ դիկտատուրա հաստատելու համար: Սա բնորոշ է դիկտատուրական երկրներին, բայց նույնիսկ Ստալինի ժամանակ նման օրենք չկար:

– Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը խոսում տնտեսական հեղափոխության մասին:

– Տնտեսական հեղափոխությունն էլ այդ դիկտատուրան է, էլի: Դա ոչ սոցիալիզմ է, ոչ կապիտալիզմ, ոչ մի «իզմ» չէ, դա մի մարդու իշխանության կամայականության մենիշխանությունն է:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետական պարտքի նվազման միտում է նկատվում. ինչի՞ հաշվին է դա արվում:

– Նոր պարտք չեն վերցնում, հին պարտքերը մարում են, մաշվում է, ինչի՞ հաշվին է: Եվ դա շատ սխալ է. փողը ձրի է: Երեկ Եվրոբանկն ու Ամերիկյան բանկը հայտարարեցին զրոյական տոկոսադրույքների մասին. երբ փողի տոկոսը զրո է, մենք փող չենք վերցնում: Հեսա տնտեսության վիճակը կվատանա, և նույն Նիկոլ Փաշինյանը, կտեսնեք՝ կհայտնվի ամենամոլեգին փող խնդրողների դերում: Արդեն մի քանի ամսից երկրի տնտեսական վիճակն օրեցօր վատանալու է նման կարգի որոշումներից հետո:

– Հասարակ քաղաքացիների վրա «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա:

– Բոլորի վրա, որովհետև բոլոր գործատուներն էլ գործ չեն անի: Հասարակ քաղաքացին անընդհատ աշխատանքի տեղ չի ունենա: Իմաստ չունի էս երկրում փող աշխատել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս