Մեսսին՝ թիմից հեռանալու, Նեյմարի վերադարձի և Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին
Մեսսին չի պատրաստվում լքել ակումբը և պլանավորում է կրկին հաղթել Չեմպիոնների լիգան:
Լեո Մեսսին հազվադեպ է շփվում լրագրողների հետ, այնպես որ, նրա ցանկացած հարցազրույց մեծ իրադարձություն է: Ազգային հավաքականի խաղերի համար ընդմիջման ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը, որը դեռ լիովին չի ապաքինվել իր վնասվածքից, խոսել է կատալոնական Sport պարբերականի հետ:
Մեսսին չգիտի, թե արդյո՞ք «Բարսելոնան» արել է ամեն ինչ Նեյմարին վերադարձնելու համար: Ֆուտբոլիստները ղեկավարությանը չեն խնդրել գնել բրազիլացուն:
«Ես ուզում էի, որ Նեյմարը վերադառնա: Ես հասկանում եմ նրանց, ովքեր դեմ են նրա վերադարձին: Բոլորը հիշում են, թե ինչպես է նա հեռացել: Բայց սպորտային տեսանկյունից Նեյմարն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, նրա ներկայությունը մեծացնում էր մեր նպատակներին հասնելու շանսերը: Դա տեղի չունեցավ, և այժմ մենք պետք է կենտրոնանանք ներկայիս կազմի վրա:
«Բարսելոնան» ինչ-որ բան արե՞լ է Նեյմարին ստորագրելու համար: Ես բանակցությունների մասին շատ տեղեկություններ չունեմ, չգիտեմ, թե ինչ է արել ղեկավարությունը: Ուղղակի խոսել եմ նրա հետ, և նա ասել է ինձ, թե ինչ է կատարվում: Նա իսկապես ուզում էր վերադառնալ: Չգիտեմ, արդյո՞ք ակումբն իսկապես փորձել է նրան վերադարձնել, բայց Նեյմարը հույս ուներ, որ դա տեղի կունենա:
ՊՍԺ-ի հետ բանակցելը շատ դժվար է այն բոլոր վեճերից հետո, որոնք ծագել են այս ակումբի և «Բարսելոնայի» միջև: Եվ իսկապես բանակցությունները երբեք հեշտ չեն: Ես չեմ կարող հայտնել իմ կարծիքը, քանի որ ես չգիտեմ ամեն ինչ: Ես գիտեմ պարզապես այն, ինչ հրապարակվել է, և նրանց ասածները:
Խնդրե՞լ են ֆուտբոլիստները ստորագրել Նեյմարին; Մենք կարծիք ենք հայտնել, որ լավ կլինի, եթե նա միանա ակումբին, բայց մենք երբեք չենք ասել, որ ակումբը պետք է նրան ստորագրի: Նրանք պարզապես արտահայտեցին իրենց կարծիքը, ինչպես Գրիզմանի և մեզ մոտ տեղափոխված մյուս խաղացողների դեպքում:
Լավ կլիներ, եթե Նեյմարը վերադառնար, բայց ես կարծում եմ, որ մենք ունենք զարմանալի կազմ, և առանց նրա կարող ենք հասնել ամեն ինչի: Ես հիասթափված չեմ: Բայց ես կցանկանայի կրկին խաղալ նրա հետ, ահա և վերջ»:
Մեսսին կարծում է, որ թիմը կրկին պետք է նվաճի Չեմպիոնների լիգան:
– Կհամաձայնվեք նվաճել Չեմպիոնների լիգան, եթե դա նշանակի, որ կորցնելու եք Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:
– Ո՛չ: Երբ սկսվում է մրցաշրջանը, մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք հաղթել ամեն ինչ և ամեն կերպ կփորձենք հասնել դրան: Հուսով եմ, որ մենք կարող ենք արագ գտնել մեր խաղը: Մենք ուզում ենք նվաճել բոլոր տիտղոսները:
Պարզ է, որ ես կցանկանայի նվաճել Չեմպիոնների լիգան, դա երկար ժամանակ չի պատահել: Անհատական մակարդակում և ակումբում զգում եմ, որ պետք է նվաճեմ Չեմպիոնների լիգան: Բայց մրցաշրջանի սկզբում ես չեմ ցանկանում ընտրել: Ցանկանում եմ նվաճել երկու գավաթներն էլ:
Նա մտադիր է խաղալ «Բարսելոնայի» կազմում այնքան ժամանակ, ինչքան թույլ է տալիս նրա մարմինը: Հիմնական նպատակը հաղթանակն է:
– Բարտոմեուն ասել է, որ ձեր պայմանագրում կա մի դրույթ, որի համաձայն՝ մրցաշրջանի ավարտին կարող եք անվճար հեռանալ թիմից: Ճի՞շտ է:
– Ես ոչինչ չեմ կարող հաստատել, քանի որ մեր պայմանագրերում կան գաղտնիության պայմաններ: Կարող եմ ասել միայն, որ ցանկանում եմ հնարավորինս երկար մնալ «Բարսելոնայում»: Ես իմ ամբողջ կարիերայի ընթացքում ասել եմ, որ սա իմ տունն է: Բայց ես չեմ ուզում այստեղ լինել պարզապես երկարաժամկետ պայմանագրի պատճառով: Ես նախատեսում եմ լավ մարզավիճակում լինել, խաղալ և լինել թիմի կարևոր անդամ:
Ինչպես ասացի, պետք է տեսնեմ, որ սա հաղթող մտածելակերպ ունեցող թիմ է, քանի որ ուզում եմ շարունակել հաղթել: Ինձ համար փողը կամ պայմանագիրը ոչինչ չեն նշանակում:
Ցանկանում եմ շարունակել խաղալ այստեղ, քանի դեռ կարող եմ լավ հանդես գալ, քանի դեռ մարմինս թույլ է տալիս դա անել:
Նա իրեն ֆավորիտ չի համարում «Ոսկե գնդակի» համար պայքարում և չի հասկանում ընտրության չափանիշերը
«Ես ֆավորի՞տ եմ պայքարում: Չգիտեմ, «Ոսկե գնդակը» տարօրինակ մրցանակ է, ոչ ոք չգիտի, թե ով է ֆավորիտը: Վերջերս նրանք նայում էին ակումբի արդյունքներին, և դա վատ չէ: Երբեմն մրցանակը շնորհվում է Աշխարհի գավաթի խաղարկության համար, ոչ բոլորն են նույն կերպ գնահատում:
Չգիտեմ, անկեղծ ասած, չկա որևէ հատուկ չափանիշ, որով կարելի է որոշել «Ոսկե գնդակի» հաղթողին: Ես երբեք ինձ ֆավորիտ չեմ համարել: Ինչպես ասացի, անհատական պարգևներն ինձ համար երկրորդական են»:
Ճաշ Ռոնալդուի հե՞տ: Ինչո՞ւ ոչ:
– Վերջերս Կրիշտիանուն ասաց, որ կցանկանա ճաշել ձեզ հետ: Կընդունե՞ք նրա հրավերը:
– Այո, ոչ մի խնդիր: Միշտ ասել եմ, որ նրա հետ տարաձայնություններ չունեմ: Մենք կարող ենք ընկերներ չլինել, քանի որ մենք երբեք չենք կիսել հանդերձարանը, բայց ես միշտ նրա հետ մասնակցում եմ մրցանակաբաշխությանը, նրա հետ կապված որևէ խնդիր չկա: Ի դեպ, վերջերս կայացած հանդիպման ժամանակ մենք նրա հետ բավականին երկար խոսեցինք:
Չգիտեմ, թե արդյո՞ք ընթրիք տեղի կունենա, քանի որ ակնհայտ պատճառներով՝ ես չգիտեմ, թե արդյո՞ք մենք կհանդիպենք մոտ ժամանակներում: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքը և իր պարտականությունները: Բայց, իհարկե, ես կընդունեի նրա հրավերը:
Սիրարփի Աղաբաբյան