«Առնվազն զարմացած եմ, թե նույն անձի վերաբերյալ նույն խափանման միջոցն ինչպե՞ս կարող է երկու անգամ ընտրվել». Լևոն Սարգսյանի փաստաբան

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

«Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասել էր ՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Եվ ահա Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «Հյուսիս-Հարավի» գործով որպես մեղադրյալ ներգրավված Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

168.amԼևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին խնդրեց մեկնաբանել դատարանի որոշումը։

«Ես այս պահին դատարանի որոշմանը ծանոթ չեմ, որոշումը դեռ ինձ չի տրամադրվել։ Առնվազն զարմացած եմ, թե նույն անձի վերաբերյալ նույն խափանման միջոցն ինչպե՞ս կարող է երկու անգամ ընտրվել»,- տարակուսեց փաստաբանը։

Վերջինս նշեց, որ դատարանի իրավական մեկնաբանություններին ծանոթ չէ, չի կարող զուտ ենթադրություններ անել, թե դատարանն ինչպե՞ս է գտել, որ կարելի է նույն անձի նկատմամբ երկու անգամ նույն խափանման միջոցը կիրառել։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել` Ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հստակ ներդրված հանցավոր սխեմայի մասին:

Մասնավորապես` պարզվել է, որ, թեև, ըստ իրավական ընթացակարգերի՝ ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:

Մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ այդ մեղադրանքները որևէ առնչություն չունեն Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Լևոն Սարգսյանի հետ։

«Փաստական առումով այն նյութերը, որոնք դրված են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում, խոսում են այն մասին, որ Լևոն Սարգսյանն ընդհանրապես առնչություն չունի իրեն վերագրված արարքին: Իրավական առումով ես, առանց անուններ նշելու, ասեմ, որ գործի նյութերում որպես մեղադրյալ ներգրավված ինչ-որ X անձ ցուցմունք է տվել, և իմ տեղեկությունների համաձայն` ցուցմունքը տալուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է շատ կասկածելի հանգամանքներում: Ամեն դեպքում ես այդպես եմ գնահատում: Փաստորեն, տվյալ անձի կալանավորումը դատախազության կողմից վերացվել է: Տվյալ անձը ցուցմունք է տալիս, որ մեկ այլ անձից լսել է, մեկ այլ անձն էլ ուրիշ այլ անձից է լսել, որ ևս մեկ այլ անձ կա, և նա ասել է, որ ենթադրաբար Լևոն Սարգսյանն առնչություն ունի այն ամենին, ինչ իրեն այժմ վերագրվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նա նշել էր նաև, որ այս գործի հիմքում զուտ ենթադրություններ են, և Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու այն պարտականություններն ու լիազորությունները, որոնք ունեցել է Լևոն Սարգսյանը, որևէ առնչություն չունեն, չեն ունեցել ու չէին կարող ունենալ «Հյուսիս-Հարավ» նախագծի հետ:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս