Հերթական քաղաքական կռուտի՞տ, թե՞ նոր փրկօղակ Փաշինյանի համար

Այն հանգամանքը, որ ՀՀ գործող իշխանությունների մոտ անկառավարելի քաոս է, և կայացրած որոշումներն ու կատարած քայլերը իրական պետական կառավարում ասվածի հետ ոչ մի աղերս չունեն, օրըստօրե ապացուցվում է իշխանությունների (ՔԿ) անբռնազբոս քայլերով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

Արդեն քանիցս նշել ենք, դա նկատվում է նաև վերլուծող ու մտածող փորձագիտական դաշտի ներկայացուցիչների մոտ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ձևավորած կառավարությունն ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում իրական իշխանություն ասվածը, և շարունակում են մնալ իշխանության լծի ծանրության տակ, կամ իշխանական ծանրաձողը «գցում» ոտքներին։

Պարզ է, որ արդեն պրիմիտիվություն ու դիլենտանտություն է ստեղծված իրավիճակներում պարբերաբար տարբեր մեղավորների փնտրտուքը, կամ հերթական ձախողումը բարդել «սևերի» ու «մութ դավադիրների» վրա։ Հավանաբար Փաշինյանը հիմա երանությամբ է հիշում իր ընդդիմադիր տարիները, երբ հնարավոր բոլոր առիթների կամ ԱԺ ցանկացած հարցուպատասխանի ժամանակ ցեխն էր մտցնում իշխանության որևէ ներկայացուցչի՝ «քարը քարի վրա չթողնելով պետական համակարգը»։

Եվ մարդիկ ծափահարում էին։ Մարդիկ ծափահարում էին, քանի որ Նիկոլ Փաշինյանը տեսարաններ մատուցելու իսկական գրոսմայստեր է ու շոումեն, իսկ իշխանության գլխին կանգնած Նիկոլ Փաշինյանն արդեն ընտրել է բոլորովին ուրիշ մարտավարություն։ Երբ դեռևս նախորդ տարիներին հրապարակներից նա հոխորտում էր, թե «վենդետա չի լինելու», բոլորը ախ էին քաշում և մտածում, թե «էս ինչքան մեծահոգի ու գթառատ է մեր Նիկոլը», որ ներում է «նախկինների գործած բոլոր մեղքերը»։

Սակայն այսօր՝ վարչապետ կարգվելուց ընդամենը մեկուկես տարի անց, տեսնում ենք իշխանությունն ուզուրպացրած ու իր քաղաքական ամբիցիաներին ու կրքերին հագուրդ տալու համար ամեն ինչի գնացող մի իսկական քաղաքական «աբիժնիկի», ով ամեն ինչ անում է՝ «նախորդների դիմակը պատռելով և ասֆալտին ծեփելով», իր համար ևս մի քանի ամսով իշխանություն երկարացնելով։ Լևոն Սարգսյանի հանդեպ հետախուզման դրվագը մեկուկես տարվա վերոնշյալ քաղաքականության դասական շարունակությունն է, երբ հերթական անգամ հանրությանը մատուցվում է ևս մեկ «հռոմեական տեսարան» (Հին Հռոմում կայսրերը, որպեսզի հանրության ուշադրությունը հեռու պահեն քաղաքական գործընթացներից, մարդկանց հաց էին տալիս ու տեսարաններ՝ գլադիատորական մարտեր կազմակերպում)։

Միանգամից տրամաբանական հարց է առաջանում, ո՞րն է պատճառը, որ Լևոն Սարգսյանին հետախուզում են հայտարարում և կալանավորման մասին ինչ-ինչ հայտարարություններ անում հենց այս փուլում, արդյո՞ք սրա տակ չկա հերթական «կռուտիտն» ու ժամանակ շահելը։ Տեղի ունեցած շոուն, ակնհայտ է, որ կապված է ներքաղաքական գերբարդ իրավիճակով, որում ներկայումս գտնվում է Փաշինյանը։

Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որին մինչ այսօր իշխանություններն այդպես էլ ոչ մի վերջնական լուծում չեն կարողանում գտնել, Ստամբուլյան կոնվենցիան, որը չնայած ներկայումս «թայմ աութ» փուլում է, բայց շարունակում է «դամոկլյան սրի» նման կախված մնալ գործող իշխանության գլխին, ՀՀ-ում հասունացող հակառուսական ալիքը, Ռոբերտ Քոչարյանի գործն ու Սահմանադրական դատարանի շուրջ քաոսը՝ Փաշինյանի կոկորդում խրված ոսկորներ են, իսկ դրանցից հանրային ուշադրություն շեղելու համար հարկավոր էր հերթական փրկօղակը։

Եվ այն գտնվեց։

Հիշեցնենք վերջին շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ ներքաղաքական այս «բազարներից» փրկվելու համար Փաշինյանը կձերբակալի Սերժ Սարգսյանին, ինչը նրա համար կծառայեր որպես «վերջին փամփուշտ»։ Սակայն այդ տեղեկատվության շուրջ ստեղծված աղմուկն իշխանություններին ստիպեց հետ կանգնել այդ քայլից, և այս փուլում, ինչպես ասում են՝  «ռասկլադի» փոփոխություն տեղի ունեցավ։ Սերժին չձերբակալելով՝ Նիկոլը փորձում է «կարովի» գործը հարմարեցնել նախագահի եղբոր նկատմամբ։ Լևոն Սարգսյանի գործն ինքնին արհեստական է, և պատահական չէ, որ Սարգսյանի փաստաբանը նշում է, որ իր պաշտպանյալի գործում ոչ մի լուրջ իրավական հիմքեր չկան։ «Փաստական առումով այն նյութերը, որոնք դրված են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում, խոսում են այն մասին, որ Լևոն Սարգսյանն ընդհանրապես առնչություն չունի իրեն վերագրված արարքին»,- ասել է փաստաբանը:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս