«Ինձ շատ հեշտ է աշխատել. պարոն Փաշինյանը համբերատար լսում է, շատ հստակ ձևակերպում է հանձնարարականները». ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակ
«Հրապարակ» թերթը իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր կառավարությանը մերձ շրջանակներից իրենց հաղորդված այն տեղեկությանը, ըստ որի՝ Կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից:
«Նման դիմումներ գրել են և՛ փոխվարչապետները, և՛ նախարարները, և՛ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ՝ նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն՝ փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը և փորձում են թողնել հեռանալ»,- գրել էր թերթը:
168.am-ը թեմայով մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակից, ով որպես պատասխան՝ ներկայացրեց վարչապետի հետ աշխատանքի սեփական փորձը. «Ինձ շատ հեշտ է աշխատել. պարոն Փաշինյանը համբերատար լսում է, շատ հստակ ձևակերում է հանձնարարականները, մոտեցումները: Հետևաբար, այդ հրապարակումը պարզապես հերյուրանք է, իրեն չճանաչելու, իրերը հակառակ կերպ ներկայացնելու փորձ»:
Զարուհի Դիլանյան