
Շոտլանդիայի դատարանն անօրինական է համարել Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքի դադարեցումը

Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական է: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Որոշման մեջ, որը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին, ասված է, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցման պատճառը «դրա գործունեությանը խոչընդոտելու» մտադրությունն է, իսկ դա «անօրինական է, հետեւաբար, անվավեր է եւ ոչ մի ուժ չունեցող»:
Սակայն որոշումն իրավաբանական ուժ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չզբաղվի գործի քննությամբ: BBC News-ի տվյալներով՝ որոշումն առայժմ չի ազդի խորհրդարանի աշխատանքի դադարեցման վրա:
Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտարարել են, որ կվիճարկեն Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանի վճիռը:
Ավելի վաղ 70-ից ավելի բրիտանացի պատգամավորներից բաղկացած խումբը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը եղել է անօրինական, քանի որ սահմանափակում է շուտով Եվրամիությունից երկրի դուրս գալու նախաշեմին քննարկումների հնարավորությունը:՛
Սեպտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: