Բաժիններ՝

Ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ. ԱԻՆ Սեյսմիկ ծառայություն

Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Այն նախնական տվյալներով՝ զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Սեպտեմբերի 11-ի ժամը 05:00 դրությամբ գրանցվել են 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Երկրաշարժը հարում է Ջավախքի ընդարձակման գոտուն (հրաբխային բարձրավանդակին)։ Ջավախքի հրաբխային բարձրավանդակը և հարակից տարածքները հատում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ են կապված ինչպես պատմական, այնպես էլ արդի ժամանակաշրջանի բազմաթիվ երկրաշարժեր: Ջավախքի ընդհարձակման գոտին բնութագրվում է երիտասարդ հրաբխականությամբ և մեծ թվով թույլ և միջին ուժի երկրաշարժերով: Այս գոտու բարձր սեյսմիկության դրսևորումը կարող է բացատրվել գոյություն ունեցող հրաբխային օջախներով:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:

Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ: Հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս