Բաժիններ՝

Օտարերկրացի ուսանողներն ուսումնառությունից հետո կկարողանան երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում

Օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ: Այդ մասին հայտարարել է բրիտանական կառավարությունը:

Ներկայում ուսանողները կարող են ուսումն ավարտելուց հետո Միացյալ Թագավորությունում մնալ միայն չորս ամիս. համապատասխան սահմանափակումը մտցվել է, երբ երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր Թերեզա Մեյը:

Օտարերկրացիները կազմում են այն ասպիրանտների ընդհանուր թվի կեսը, որոնք առկա կարգով ուսումնասիրում են գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներական գործ ու մաթեմատիկա: Ներգաղթի նոր կանոնները, որոնք հայտարարվել են այսօր, նշանակում են, որ բուհերի շրջանավարտները, որոնք ուսում են ստանում բոլոր մասնագիտությունների գծով, հնարավորություն կստանան երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

«Ուսանողներին հարկավոր կլինի հաջողությամբ ավարտել ուսման դասընթացը վստահություն վայելող բրիտանական համալսարանում կամ կազմակերպությունում, որը բարձրագույն կրթություն է տալիս եւ հուսալի համբավ ունի միգրացիոն ստուգումների եւ Մեծ Բրիտանիայում ուսումնառությանը վերաբերող մյուս կանոնների պահպանման առումով»,-պարզաբանվում է հայտարարության մեջ:

Կառավարությունը նշում է, որ բուհերի շրջանավարտների համար նոր երկամյա այցագրերի հայտնվելը Մեծ Բրիտանիային թույլ կտա ապագայում ճեղքումների հասնել գիտության, տեխնոլոգիաների եւ գիտական աշխատանքի բնագավառում: Նոր այցագիր ստանալու համար կարելի կլինի դիմել հաջորդ տարվանից: Տրվող այցագրերի քանակությունը չի սահանափակվի: Ընդամենը Մեծ Բրիտանիայում ամեն տարի ուսուցում են անցնում 450 հազար օտարերկրացի ուսանողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս