
Առաջին անգամ Երևանում մենահամերգով հանդես կգա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը

Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով կներկայանա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը: Դաշնակահարը կկատարի Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:
Երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Անդրաշ Շիֆը ծնվել է 1953 թվականին Բուդապեշտում: Ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով ելույթներ է ունեցել Քարնեգի համերգասրահի Շտեռն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում` յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացնելով Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի ստեղծագործությունները:
1999 թվականին դաշնակահարը հիմնադրել է իր կամերային նվագախումբը, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների:
Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989 թվականին Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչև 1998 թվականը: