Վանաձորցիները հուսով են, որ հեղափոխությունից հետո «դբա» լավն են գնալու. Հարցում
Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս հարցի շուրջ հանրությունը տարբեր կարծիքներ է արտահայտում: Մի մասը տեսնում է զգալի փոփոխություններ՝ ճանապարհների վերանորոգում, որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացում, նույնիսկ մարդկանց տրամադրության բարձրացում, մի մասն էլ պնդում է, թե ոչինչ էլ չի փոխվել, քանի որ շարունակում են ապրել, աշխատել ու վաստակել այնքան, որքան նախկինում։ Իսկ ահա մարդկանց մի հատված էլ չեզոք դիրքորոշում ունի, ասում են՝ եթե մյուսների համար լավ է, ուրեմն իրենց համար էլ է լավ, և հակառակը, ավելին՝ վստահեցնում են, որ քաղաքականությունից հեռու մարդիկ են և նրանց այդ ամենը չի հետաքրքրում։
168.am-ը Վանաձոր քաղաքում քաղաքացիների շրջանում հարցումներ անցկացրեց՝ պարզելու, թե քաղաքի և մարդկանց կյանքում հեղափոխությունից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։
Մեր զրուցակիցներից մեկը նշեց, թե շատ լավ փոփոխություններ են տեղի ունեցել՝ մարդկանց դեմքին ժպիտ է եկել, ու վստահ է, որ «դբա» լավն են գնալու, քանի որ «Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել»։
Երիտասարդների մեծ մասը, որոնցից շատերը չէին աշխատում, կրկին հույս էին հայտնում, թե ամեն ինչ լավ կլինի, բայց ոչ այսօր, գուցե հինգ տարի հետո իշխանությունները կկարողանան իրենց համար աշխատատեղեր ստեղծել։
Նշենք, որ շատ վանաձորցիներ խուսափում էին մեզ հետ զրուցել, կամ հարցը լսելուց հետո փորձում էին ճշտել, թե մենք ո՞ւմ «մարդն» ենք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան