
Բաթումը կդառնա Վրաստանի առաջին քաղաքը, որտեղ էլեկտրաավտոբուսներ կհայտնվեն

Վրաստանում առաջին անգամ մունիցիպալ էեկտրաավտոբուսներ կհայտնվեն Բաթում սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարական ԻՀ): Այդ մասին ասված է Facebook սոցցանցում՝ «Բաթումի ավտոտրանսպորտ» ընկերության կայքում:
Այդ ավտոբուսները Վրաստանին կմատակարարի Բելառուսի «Բելկոմունմաշ» առաջատար արդյունաբերական ձեռնարկությունը, որի հետ համաձայնագիր է կնքվել:
Առաջին փուլում մունիցիպալ ավտոհավաքակազմը կհամալրվի ութ էլեկտրաավտոբուսով: Դրանք կսկսեն քաղաքում երթեւեկել մի քանի ամիս հետո: «Այսօր ստորագրվեց ութ միավոր էլեկտրավտոբուսի գնման համաձայնագիր: Դա կարեւոր նորացում է մունիցիպալ ավտոհավաքակազմի համար: Դուք գիտեք, որ անցյալ տարի մենք ձեռք բերեցինք 40 ավտոբուս, որոնք աշխատում են Եվրո դիզելային վառելիքով»,- ասել է Բաթումի քաղաքագլուխ Լաշա Կոմախիձեն Մինչ այդ, նրա խոսքով՝ նորացվել է Բաթումի ավտոհավաքակազմի 30 – 35 տոկոսը:
Քաղաքապետարանը մտադիր է շարունակել դոնորների հետ աշխատանքն այդ ուղղությամբ: Էկոլոգիապես ամենամաքուր ավտոբուսների են պատրաստվում անցնել նաեւ Թբիլիսիում: Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հայտարարել է, որ դա տեղի կունենա 2023 թվականին:
Վրաստանում նույնիսկ պլանավորվում է կառուցել էլեկտրաավտոբուսների հավաքման գործարան: Գործարանը կբացի Վրաստանի Fregobus ընկերությունը՝ Չինաստանի “ZTE Corporation” ընկերության եւ Գերմանիայի EURABUS ընկերության հետ համատեղ: Վրաստանում արտադրված ավտոբուսները Fregobus-ը պլանավորում է վաճառել Եվրամիության երկրներում, հաղորդել է Sputnik-ը: