«Միացյալ Նահանգների հակաիրանական քաղաքականությունը չի սկսվում և ավարտվում Բոլթոնով». Իրանագետ

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հրաժարական է տվել։

Թրամփը Բոլթոնի հրաժարականը բացատրել էր նրանով, որ իրեն դուր չեն եկել նրա մի շարք առաջարկներ։

«Ես տեղեկացրեցի երեկ երեկոյան Ջոն Բոլթոնին, որ նրա ծառայության կարիքը Սպիտակ տանն այլևս չի զգացվում։ Ես կտրուկ համաձայն չեմ եղել նրա մի շարք առաջարկների հետ, ինչպես և շատերը վարչակազմից։ Այդ պատճառով ես ասացի Ջոնին, որ հրաժարական տա, ինչը որ արեց այսօր առավոտ»,- գրել էր Թրամփը և տեղեկացրել, որ նոր խորհրդականի անունն առաջիկա շաբաթվա ընթացքում կասի։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով հարցին, թե Բոլթոնի հրաժարականից հետո հնարավո՞ր է՝ Միացյալ Նահանգներն Իրանի հետ գնա բանակցությունների, պատասխանեց, որ իրականում Ջոն Բոլթոնի ազդեցությունն ամերիկյան, հատկապես՝ իրանական քաղաքականության վրա, բավականին մեծ էր։ Եվ այս իմաստով, իրանագետի կարծիքով՝ Բոլթոնի հեռացումն ինչ-որ առումով դրական ազդակ կարելի է համարել ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարումը փոքր-ինչ թուլացնելու համար։

«Բայց սա  ամենևին էլ միանշանակ չէ, քանի որ Միացյալ Նահանգների հակաիրանական քաղաքականությունը չի սկսվում և ավարտվում Բոլթոնով։ Այստեղ կա հիմնական խնդիր. այս հարաբերություններում Միացյալ Նահանգները ձգտում է Իրանում ունենալ իրենց համար խամաճիկային վարչակարգ, ինչն անհնարին է կանխատեսելի ապագայում։ Հետևաբար՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա կնճիռները Բոլթոնի հեռացմամբ չեն վերանա, դրանց մի խոշոր մասը կրկին կսկսի գործել»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին, Վ. Ոսկանյանը նշեց, որ իրանական կողմը չափազանց խիստ պայմաններ է առաջ քաշում, որոնք տրամաբանական են։ Այդ պայմաններից ամենակարևորը պատժամիջոցների վերացումն է Իրանի նկատմամբ, որոնք Միացյալ Նահանգները կիրառում է՝  փորձելով ազդել այդ երկրում նաև ներքաղաքական իրավիճակի վրա։

«Առայժմ իրանական կողմից շատ մեծ խանդավառություն չկա Բոլթոնի հեռացման կապակցությամբ, և իրանցիներն իրենց հատուկ դիվանագիտական սառնությամբ, անշտապ գործելաոճով հստակ գնահատական չեն հնչեցնում՝ պնդելով, որ դա Միացյալ Նահանգների ներքին գործն է։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքականությանը Մերձավոր Արևելքում, ապա չեմ կարծում, որ այդ քաղաքականությունը զգալի փոփոխություններ կկրի։ Իրանցիները շարունակելու են մեծացնել իրենց ազդեցությունն այս տարածաշրջանում՝ սկսած Սիրիայից՝ վերջացրած Աֆղանստանով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս