
Իրանը պատրաստ է շարունակել ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կրճատումը. Ռոուհանի

Իրանը հետագայում էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի կառավարության նիստում:
«Եթե անհրաժեշտ լինի, ապագայում մենք կձեռնարկենք միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված նաեւ այլ քայլեր»,- ասել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները պետք է ջանքեր գործադրեն՝ փրկելու Իրանի հետ միջուկային գործարքը, որովհետեւ նրանք չեն կատարել պարտավորությունների իրենց մասը համաձայնագրի շրջանակում:
Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության:
Ավելի վաղ Թեհրանը որոշել է սեպտեմբերի 6-ից իրեն չկաշկանդել միջուկային գործարքով նախատեսված այն սահմանափակումներով, որոնք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններին ու մշակումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: