Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ռուսական «Ինտերֆաքս»-ին, գրում են, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանի Դաշնության տարածքում չեղարկվել է։
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Ռուսական լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը այնքան խորը քննարկվեց, որ նույնիսկ տարաբնույթ վերլուծություններ կատարվեցին այս առիթով, քաղաքական հեռուն գնացող մտքեր հայտնեցին մարդիկ հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին եւ այլն։
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը որոշել է լույս սփռել այս պատմության վրա՝ հայտնելով, որ «Ինտերֆաքս»-ի նյութը հին է, գրվել է 2018 թվականին։ Ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձնման չի ենթարկվի։ Դատախազի խորհրդականը վստահեցրել է.
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել»։
Հետաքրքիր է՝ եթե այս հակափաստարկը, ընդ որում՝ երկաթյա հակափաստարկը կար, ինչո՞ւ չէր հրապարակվում, ինչո՞ւ էր ձգձգվում, ինչո՞ւ չէր խոսվում այդ մասին։ Գուցե փութաջանությունն այս դեպքում օգներ՝ ավելի հեշտ հաղթահարելու ստեղծված տխուր իրավիճակը։ Բայց պետական կառույցների դանդաղկոտությունը երբեմն ընդդիմախոսներին հնարավորություն է տալիս հանդիմանել իշխող ուժին՝ հիմքում ունենալով զրո փաստարկ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: