
«ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և՛ դիտորդներ, և՛ գործընկերներ». ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրենքի նախագիծը:
«2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ընդունվեց սեպտեմբերի 11-ին կայացած նիստում:
«Այս արձանագրությամբ կարգավորվում է հետևյալ խնդիրը. ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և՛ դիտորդներ, և՛ գործընկերներ, մինչ այդ կար դրույթ, որ կարող է ունենալ դիտորդ, որը բացված չէր: Եղել է առաջարկություն, որ, բացի դիտորդից, լինի ավելի բարձր կարգավիճակ, դա գործընկերոջ կարգավիճակն է: Դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն: Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- նշել է հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: