Բաժիններ՝

«Երրորդ երկրից մեքենա ներկրելու համար կվճարեք մոտ 3 անգամ ավելի շատ». Տիգրան Քեյան

2020թ. հունվարի 1-ից Հայաստանում երրորդ երկրից ներկրվող մեքենաների համար կգործեն ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը: «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ է սպասվում երրորդ երկրից մեքենա ձեռք բերել ցանկացողներին:

«Մեքենաների հարկը հաշվելու են` կախված շարժիչի ծավալից: Նոր մեքենաները նաև հարկվելու են մեքենայի արժեքի որոշակի տոկոսով: Եթե այդ տոկոսն ավելի ցածր է լինելու, քան շարժիչի ծավալի դրույքաչափով հաշվելիս, ապա կհարկվի՝ ըստ շարժիչի ծավալի: Պետք է տարանջատել ներկրողների երկու կատեգորիա՝ ֆիզիկական  և իրավաբանական անձինք, նրանք հարկվելու են տարբեր կերպ: Մեքենայի տարիքից և շարժիչի ծավալից կախված՝ անհամեմատ բարձրանում են մաքսային վճարները: Օրինակ ՝ եթե դիտարկենք 7 տարեկան Opel-Astra-ն, ապա նրա մաքսազերծումը 6100 դոլար կկազմի: Այդ մեքենայի շուկայական արժեքը հիմա 2500 դոլարից սկսած է»:

Տիգրան Քեյանի կարծիքով՝ սա մեքենաների գների կտրուկ աճի չի բերի, հատկապես, որ մեքենաներ արտադրող ընկերություններից շատերն իրենց ներկայացուցչություններն ունեն ԵԱՏՄ տարածքում, որտեղից ներկրվող մեքենաների վրա այդ դրույքաչափերը չեն անդրադառնալու:

«Չեմ կարծում, որ կտրուկ կաճեն մեքենաների գները, քանի որ տնտեսապես ոչ մի քաղաքացու ձեռք չի տա՝ հին մեքենան 7-8 հազար դոլարով ձեռք բերի: Եթե քաղաքացին ունի 2500 դոլար Opel-Astra գնելու համար, 6000 դոլար չի տա այն ձեռք բերելու համար, կսկսեն ձեռք բերել ավելի նոր մեքենաներ, որոնք արտադրվում են ԵԱՏՄ տարածաշրջանում:

Օրինակ՝ Ռուսաստանում, մենք գիտենք, մի քանի ընկերությունների ներկայացուցչություններ կան՝ Toyota, BMW, Mercedes-ն է պայմանագիր կնքել, շուտով կսկսեն արտադրել: Քաղաքացիների մեջ կարծիք կա, որ Ռուսաստանում արտադրված մեքենաները որակապես զիջում են Ճապոնիայում և այլ երկրներում արտադրված մեքենաներին, պրակտիկայում չեմ կիրառել, չգիտեմ, դա մասնագետները կարող են ասել, թե ինչո՞վ է տարբերվում Ռուսաստանում հավաքված BMW-ն այլ երկրում հավաքվածից:

Դետալների հետ կապված խնդիր չկա, նույն դետալներն են, օրիգինալ դետալներով են, ուղղակի հավաքման հետ կապված կարող է որոշակի խնդիր լինել: Կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի, քանի որ մի շարք ապրանքների հավաքագրման աշխատանքները կատարվում են այլ երկրներում: Օրինակ՝ հեռախոսները կամ հագուստները, որոնք արտադրվում, կարվում են Չինաստանում ու որակյալ են, բայց  չինական ապրանքներ կան, որ մենք գիտենք՝ անորակ են: Նույն երկրի ժողովուրդն է արտադրում և հավաքագրում»:

Մեքենան իրավաբանական անձանցից ձեռք բերելը վարորդի համար ձեռնտու չէ: Տիգրան Քեյանի խոսքով՝ խանութից դուրս բերված մեքենան վերավաճառելու դեպքում այն մոտ 10 տոկոսով էժանանում է:

«Իրավաբանական անձանցից մեքենա ձեռք բերելը ձեռնտու չէր, քանի որ հիմնական ներմուծողները գնում են առաջնային շուկայից, և արժեքն անհամեմատ բարձր է: Եթե Opel-Astra-ից խոսենք էլի, նոր մեքենայի գինը սկսվում է 30-35 հազար եվրոյից, իրենք էլ հին մեքենա չեն ներմուծում, և նոր մեքենա ձեռք բերողները հիմնականում նրանք են, ովքեր ունեն ստաբիլ և բարձր եկամուտ: Պրակտիկան ցույց է տալիս, որ  ցանկացած մեքենա, որը հանում ես խանութից, արժեքը 10 տոկոս նվազում է: Այսինքն՝ եթե ուզենաս մեքենան վերավաճառել, 3500 եվրո պակաս ես վաճառելու»:

Մեր հարցին, թե արդյո՞ք սա նպատակ է հետապնդում շրջանառությունից հանել հին մեքենաները, Տիգրան Քեյանը պատասխանեց, որ դա առաջին հերթին՝ բնապահպանական խնդիր է լուծում:

«Մի շարք զարգացած երկրներում ոչ թե հին մեքենաների մասին են մտածում, այլ բնապահպանական խնդիրների: Քանի որ, մեքենան որքան հին է, այնքան շարժիչի աշխատանքը ոչ նորմալ է կատարվում և արտանետված թունավոր օդն ավելի շատ է: Հետևաբար՝ հին մեքենաներն ավելի շատ հարկ են վճարում, և մարդիկ ձգտում են նոր մեքենա գնել: Հայաստանում տենդենց կա վնասված մեքենաների ներմուծման, որոնք շահագործման ենթակա չեն, վերանորոգվում են, չգիտենք՝ ոնց են վերանորոգվում, տեխզննում չեն անցնում, և այդ մեքենաները, տեխնիկական մի շարք խնդիրներ ունենալով՝ դրվում են երթևեկության մեջ: Մահվան ելքով ավտովթարները հիմա շատ են, և չկա վիճակագրություն, թե դրանց պատճառը ո՞րն է՝ վարորդի մեղավորությո՞ւն, թե՞ մեքենայի տեխնիկական վիճակ: Կարծում եմ, որ պետք է հին մեքենաներից ազատվենք՝ ավելի անվտանգ երթևեկություն ունենալու համար»:

Անկախ նրանից՝ Ձեր մեքենան վնասվա՞ծ է, թե՞ ոչ, այն գնել եք 5000 դոլարո՞վ, թե՞ 10.000, միևնույն է՝ այն  հարկվելու է՝ ըստ շարժիչի ծավալի:

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս