ԿԺԴՀ-ում հայտնել են գերխոշոր ռեակտիվ համակարգի փորձարկումների մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է ներկա եղել եւ ղեկավարել համազարկային կրակի գերխոշոր ռեակտիվ համակարգի թեստային արձակումը: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Գերագույն ղեկավարը նշել է, որ համազարկային կրակի գերխոշոր ռեակտիվ կայանքի սպառազինության համակարգը վերջնականապես ստուգված է մարտական գործողությունների, հետագծի բնութագրի, ինքնանշանառման ճշգրտության ու գործառույթի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդել է Kyodo գործակալությունը, սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից: Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչների տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրաբար, արձակումները կատարվել են Փենան Նամդոյի նահանգից տեղական ժամանակով 06:53-ին եւ 07:12-ին (Երեւանի ժամանակով 01:53-ին եւ 02:12-ին): Ընդամենն արկերը թռել են շուրջ 330 կիլոմետր:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետեւում է իրադրությանը եւ սերտ շփումներ է պահպանում տարածաշրջանում իր դաշնակիցների հետ: Հարավային Կորեան նույնպես հայտարարել է, որ հետեւում է իրադրությանը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ դադարեցնել գործողությունները, որոնք սաստկացնում են լարվածությունը: Դա վերջին ժամանակներս հրթիռների արդեն յոթերորդ արձակումն է Հյուսիսային Կորեայից: Վերջին անգամ մի քանի արկերի արձակման մասին հաղորդվել էր օգոստոսի 24-ին: