Շվեյցարիայում մշակել են ոտքի բիոնիկական պրոթեզ, որը թույլ է տալիս զգալ քայլերը

Գիտնականների միջազգային խումբը մշակել է ոտքի բիոնիկական պրոթեզ, որի շնորհիվ պացիենտը քայլելիս զգում է արհեստական ներբանի հպվելը գետնին եւ արհեստական ծնկի ծալումը: Այդ արդյունքին հասնելու համար մասնագետները պրոթեզի սենսորները միացրել են ազդրի նյարդային թելքերի հետ: Իր կայքում այդ մասին հայտնել է Ցյուրիխի դաշնային տեխնիկական համալսարանը (ETH Zurich), որը գիտական եւ ինժեներական հետազոտությունները ղեկավարում է Լոզանում բազավորված SensArs տեխնոլոգիական ընկերության հետ։

Հաղորդագրության մեջ նշված է, որ բիոնիկական պրոթեզի եւ նեյրոնների միջեւ «հետադարձ կապի» առկայությունն էապես նվազեցնում է այն բեռնվածությունը, որը մարդն զգում է քայլելիս: Ինչպես հայտարարել է ETH Zurich-ի պրոֆեսոր Ստանիսա Ռասպոպովիչը, նեյրոնային փոխպատվաստներով բիոնիկական պրոթեզը դրականորեն է գնահատվել երեք ամիս շարունակված գիտափորձի երկու մասնակիցների կողմից, որոնցից յուրաքանչյուրի ոտքն անդամատված է ծնկից բարձր:

Գիտնականները մշակել են ալգորիթմ, որը գետնին արհեստական ներբանի հպումից ստացված տեղեկատվությունը վերափոխում է էլեկտրական ազդակի, որն ստացվում է մարդու նյարդային համակարգում: Այդ ազդանշանը նյարդերը հաղորդում են ուղեղին: Այդ կերպ փորձարկվողը կարող է զգալ պրոթեզը եւ այն հարմարեցնել իր պահանջներին՝ առավելագույն հարմարության նպատակով:

Բիոնիկական պրոթեզով քայլելը պահանջում է ավելի քիչ ջանքեր: Բացի դրանից, ավելի քիչ է ծանրաբեռնվում նյարդային համակարգը. մարդն իրեն ավելի վստահ է զգում: Փորձարկվողներն ստիպված չէին ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել քայլելու վրա, եւ նրանք կարողանում էին ավելի շատ ուշադրություն նվիրել այլ խնդիրների լուծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս