
Բակո Սահակյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Աբխազիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,
ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Ռաուլ Ջումկի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Դուք՝ որպես մարդ, ով կանգնած է եղել անկախ աբխազական պետականության կերտման ակունքներում, ակտիվ մասնակցություն է ունեցել հարազատ երկրի պաշտպանության, զարգացման եւ ամրապնդման գործում, այսուհետ եւս կանեք Ձեզնից կախված ամեն ինչ Ձեր ժողովրդին եւ պետությանը ծառայելու համար:
Հարգարժա՛ն պարոն Խաջիմբա,
Մեկ անգամ եւս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները եւ բարեկամության ու համագործակցության խորը հավաստիքը՝ ի շահ մեր երկու եղբայրական ժողովուրդների: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»: