ԱԺ-ն քննարկում է հեծանիվ, մոպեդ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
Ազգային ժողովը քննարկում է մի շարք տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների վերաբերյալ հստակություններ մտցնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ եւ հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար:
Այդ խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Պետք է սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ, հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչեւ 14 տարեկան անձը որտեղ եւ ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ, կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների եւ լծասայլերի (լծասահնակների) երթեւեկության, ինչպես նաեւ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին եւ անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները.
Նախատեսում են նաև մի շարք այլ փոփոխություններ:
Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները: