
Գդանսկի նավահանգստում Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են ածխով բեռնված նավը

Greenpeace-ի բնապահպան ակտիվիստները Գդանսկի նավահանգստում շրջափակել են Մոզամբիկից ժամանած ածխատար նավը, ինչից հետո նրանց բերման են ենթարկել: Այդ մասին հայտնել է Greenpeace-ի Լեհաստանի ստորաբաժանումը:
Ներկայում ածուխը վառելիք է Լեհաստանի էներգաարտադրող կարողությունների մոտավորապես 80 տոկոսի համար: «Greenpeace-ի ակտիվիստուհիներն ու ակտիվիստները շրջափակել են Գդանսկի նավահանգիստ ժամանած ածխատար նավը: Ակտիվիստները նավի կողին նկարել են «ածուխ – կանգնիր» վիթխարի մակագրությունն այն ժամանակ, երբ Rainbow Warrior առագաստանավը մտել է նավահանգիստ եւ խարիսխ նետել ածխամբարի մոտ, անհնար դարձնելով հումքի բեռնաթափումը, որը Լեհաստանում ստացվել է Մոզամբիկից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Greenpeace-ը նշում է, որ բողոքը խաղաղ է եւ կոչված է «Լեհաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել կլիմայի պահպանման գործողությունների եւ մինչեւ 2030 թվականն ածխից հրաժարվելու անհրաժեշտության վրա»: Բնապահպանների հաղորդմամբ՝ ընդամենը բերման է ենթարկվել տարբեր քաղաքացիություն ունեցող 20 մարդ: Սեպտեմբերի 10-ի առավոտյան նրանցից 18-ին ազատ են արձակել: Ձերբակալված են մնում նավապետը (Իսպանիայի քաղաքացի) եւ բնապահպան մի ակտիվիստուհի Ավստրիայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: