Բաժիններ՝

Զարեհ Սինանյանը հանդիպել է մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 9-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը խոսեց Ռուսաստանի հայ համայնքի կարևորության և ներուժի մասին՝ պատահական չհամարելով իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ այցը Ռուսաստան: Գլխավոր հանձնակատարը նաև ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին կրթական խնդիրները՝ նշելով, որ պետությունը պետք է խրախուսի սփյուռքահայ ուսանողների ուսումնառությունը հայրենիքում և որոշակի արտոնություններ սահմանի: Զրույց ծավալվեց նաև հայրենադարձության և Հայաստանում աշխատատեղերի առկայության շուրջ: «Մեր կառավարությունը փորձում է բարելավել պետության վիճակը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա հայրենիքում գործ գտնել»,- նշեց Զարեհ Սինանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սփյուռքի հետ աշխատանքի նոր մոտեցումներին և ուղղություններին:

Այնուհետև Խիմկի հայ համայնքի նախագահ Կամո Համբարյանը ներկայացրեց քաղաքում կառուցվող հայկական եկեղեցու և դպրոցի ընթացիկ աշխատանքները: Համայնքային ներկայացուցիչները գոհ էին հանդիպման նախնական արդյունքներից՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպումները Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների համար մեծ կարևորություն ունեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս