Բաժիններ՝

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ խանութի սեփանակատերը սպասում է ոստիկանության պարզաբանմանը

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ոստիկանները քաշքշելով խանութից դուրս են բերում աշխատակիցներին։ Տեսանյութին կից նրա գրել էր, որ այդ գործողությունները տեղի են ունեցել իր ընկերոջ՝ ընդդիմադիր Գարիկի՝ «Շեկոյի» խանութում, որը գտնվում է Գյումրիում։

«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ըդդիմադիր Գարիկի«Շեկոյի»խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին…
Նիկոլ փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա…

Հ.Գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ…

Հ.Գ. 2. կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում

Հ.Գ 3. առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»,-գրել էր Կարապետ Պողոսյանը։

168.am-ի հետ զրույցում Կ. Պողոսյանն ասաց՝ այն, ինչ հրապարակել է համացանցում, դրանից ավելին չի կարող ասել, քանի որ սպասում են ոստիկանության պարզաբանմանը։

Հարցին՝ ինչո՞ւ պետք է ոստիկանությունը նման գործողություններ իրականացներ խանութում, որևէ պատճառ իրեն հայտնի՞ է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ գաղափար չունի։

«Խնդրում եմ, այս պահին բավարարվենք այսքանով, մինչև ոստիկանության կողմից կլինի պաշտոնական պարզաբանում։ Մենք ոստիկանություն չենք գնացել պարզաբանում ստանալու համար, լավ կլիներ, որ այդ պարզաբանումը տար մամուլին, մենք էլ մամուլից կտեղեկանանք»,- եզրափակեց  Կարապետ Պողոսյանը։

Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ ոստիկանությունն արդեն պարզաբանում տարածել է դեպքի առնչությամբ։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,- նշեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս