ԵՄ-ն պետք է սովորի դիմակայել ՉԺՀ-ին, ՌԴ-ին և ԱՄՆ-ին. Եվրախորհրդի ապագա ղեկավար
Եվրամիությունը պետք է սովորի գործել «վստահ ու վճռական»՝ դիմակայելու համար Չինաստանին, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Սեպտեմբերի 5-ի երեկոյան Բրյուսելում Եվրամիության դեսպանների դռնփակ խորհրդաժողովում այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետի պաշտոնակատար եւ Եվրախորհրդի նախագահ նշանակված Շառլ Միշելը, որն այդ պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին: Միշելի ճառի տեքստը սեպտեմբերի 6-ին հրապարակել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը։
«Եվրամիությունը պետք է վստահ եւ վճռական գործի, որպեսզի զոհ չգնա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրական պատերազմներին, որպեսզի պաշտպանի շահերն ու արժեքներն ավելի ու ավելի վճռական Չինաստանի դեմ եւ որպեսզի դիմակայի Ռուսաստանի կողմից անվտանգության աճող մարտահրավերներին»,- հայտարարել է նա: Սակայն, իր ճառի ավարտին նա փոքր-ինչ այլ տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը կմնա «Եվրամիության ամենաուժեղ միջազգային դաշնակիցը»:
Շառլ Միշելը նաեւ հայտարարել է իր վստահության մասին, որ «Եվրամիությունը պետք է առաջատար դեր խաղա համաշխարհային ասպարեզում», քանի որ, «եթե Եվրամիությունը չկարողանա դա անել, դա կանեն մյուսները», հաղորդել էՏԱՍՍ-ը: