«Պարոն Քոչարյանն ապօրինաբար է կալանքի տակ պահվում, և նա անհապաղ պետք է ազատ արձակվի»
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց նպատակն այն է, որպեսզի վերջնականապես դադարեցվի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
«Պարոն Քոչարյանն ապօրինաբար է կալանքի տակ պահվում, և նա անհապաղ պետք է ազատ արձակվի։ Այս պահին հնարավոր չէ բոլոր հավանական տարբերակները վերլուծել և ասել, որ, եթե ՍԴ-ն այս որոշումը կայացնի, ապա մենք այս քայլերը կանենք, կամ եթե մեկ այլ որոշում կայացնի, ապա այլ քայլեր կանենք, շատ տարբերակներ գոյություն ունեն՝ ընդհուպ՝ մեզ համար շատ ավելի լավ և շատ ավելի վատ»,- նշեց փաստաբանը։
Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին նշանակված Ռ. Քոչարյանի գործով դատական նիստին, Հայկ Ալումյանն ասաց, որ այժմ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է զրոյից սկսի գործի քննությունը։
«Դատավորը պարտավոր էր անդրադառնալ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը նույնիսկ մինչև գործի քննությունը։ Երբ մենք ասում ենք, որ Աննա Դանիբեկյանը կոպիտ սխալներով է սկսել գործի քննությունը, ապա առաջին հերթին՝ նկատի ունենք հենց դա։ Դատավարության առաջին օրը մենք այս հարցը բարձրացնելու ենք, մենք պետք է դնենք խափանման միջոցը փոխելու հարցը, չենք բացառում, որ դատավորին ներկայացնենք ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ ինչպես նայում ենք, դատավորն արդեն մի քանի խախտումներ է թույլ տվել»,- շեշտեց նա։
Զվարթ Խաչատրյան