«ՍԴ-ի դատավորները ենթարկվում են ճնշումների, բայց հույս ունենք, որ այսօր կիրականացնեն արդար քննություն». Լևոն Քոչարյան
Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները՝ կապված ՀՀ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու հետ։
Արդար արդարադատություն իրականացնելու պահանջով ՍԴ-ի մոտ հավաքվել են երկրորդ նախագահի աջակիցները, նրանց զուգահեռ ՍԴ-ի մոտ կենտրոնացված են նաև մեծ թվով ոստիկաններ։
Սահմանադրական դատարանում է նաև ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ով ակնկալում է, որ ՍԴ-ի դատավորներն այսօր կիրականացնեն արդար քննություն՝ հաշվի չառնելով իրենց վրա եղած ճնշումները։
«Մենք տեսնում ենք, որ ՍԴ-ի դատավորները ենթարկվում են ճնշումների, բայց մենք հույս ունենք, որ նրանք կիրականացնեն արդարադատություն՝ հաշվի չառնելով այդ ամենը։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչ ճնշումների մասին է խոսքը՝ սկսած երկրի առաջին դեմքից, մինչև ՍԴ դատավորներից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Քոչարյանը։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանi խոսքով՝ Ռ. Քոչարյանի գործի իրավական մասը զուտ ձևական բնույթ է կրում այն առումով, որ այստեղ կա քաղաքական պատվեր և ուղղորդում։
«Հայաստանի նորանկախ պատմության մեջ սա բացառիկ դեպք է, երբ գործը կապված է նախագահի հետ, բացառիկ դեպք է նաև ՍԴ-ի հետ կապված, քանի որ գործադիր իշխանությունը ցանկանում է ամեն կերպ ուժ գործադրել և ինչպես իրենք են ասում բուտկայի պես սեպականաշնորհել ՍԴ-ն։ Ակնհայտ է, որ այսօր ՍԴ-ի որոշման վրա ճնշումներ կլինեն և դրանք սկսվեցին դատարանները շրջափակելու կոչով, այնուհետև ՍԴ-ի վրա գրոհելով։ Հիմա փորձ է արվում այլ միջոցներով գրավելու Սահմանադրական դատարանը»,- ասաց նա։
Նշենք, որ այս պահին ՍԴ-ում դեռևս ընթանում է երկրորդ նախագահի դիմումների քննությունը։
Զվարթ Խաչատրյան