«Եթե ԱՄՆ-ը հանի բոլոր պատժամիջոցները, նա կարող է առաջվա պես երկխոսություն վարել «5+1» խմբի շրջանակում». Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով։
«Եթե ԱՄՆ-ը հանի բոլոր պատժամիջոցները, նա կարող է առաջվա պես երկխոսություն վարել «5+1» խմբի շրջանակում»,- հայտարարել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում: Նախագահն ասել է, որ խոսքը չի վերաբերում Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցություններին:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում է պարտադրվում:
«Մեզ համար հնարավոր չէ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել պատերազմ պարտադրելը եւ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը մասնակցելը»,- ասել է Զարիֆը:
Նա հավելել է, որ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը «տոմս է բանակցությունների համար»: Իրանը հայտարարել է 2015 թվականին կնքված գործարքով իր ստանձնած պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Համաձայնագրի եվրոպացի մասնակիցները փորձում են պահպանել գործարքը:
Վերջին մի քանի ամսում Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցերը Թեհրան, ինչպես նաեւ` մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտը դրվել է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրության վրա՝ Թեհրանի կողմից դրա գծով պարտավորությունների կատարման կրճատման լույսով. կողմերը նաեւ փոխանակել են համաձայնագրի իրագործմանն ուղղված առաջարկություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: