Գագիկ Խաչատրյանը հիվանդանոցում եղել է, բայց… որտե՞ղ է գտնվում նա հիմա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ընդ որում՝ երկու վարկած էր պտտվում` մեկը, որ Գագիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի, եւ նրան այդ պատճառով են տեղափոխել հիվանդանոց, երկրորդ վարկածն էլ այն էր, որ Գագիկ Խաչատրյանին ինսուլտի ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց, եւ նրա առողջական վիճակը շատ վատ է:

Ի վերջո, թերթը փորձեց պաշտոնապես հասկանալ` արդյոք Գագիկ Խաչատրյանին տեղափոխե՞լ են հիվանդանոց, թե՞ ոչ, եւ, առհասարակ, որտեղ է նա գտնվում այս պահին:

«Ժողովուրդ» թերթը նախ դիմեց Ազգային անվտանգության ծառայություն` փորձելով նախաքննական մարմնից հասկանալ, թե ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում արդյոք Գագիկ Խաչատրյանին նախաքննական մարմինը ինչ-որ գանգատով տեղափոխել է հիվանդանոց, թե ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ ձերբակալելուց հետո` 72 ժամվա ընթացքում, նախաքննական մարմինը Գագիկ Խաչատրյանին հիավանդանոց չի տեղափոխել:

Թերթը փորձեց հասկանալ` միգուցե կալանավորումից հետո քրեակատարողական ծառայթյո՞ւնն է նրան տեղափոխել հիվանդանոց: Ի պատասխան մեր հարցադրման` ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 31-ին` առավոտյան ժամը 9:30-ին, Գագիկ Խաչատրյանը ընդունվել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ մինչ այժմ գտնվում է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիվանդանոց չի տեղափոխվել: Դատելով իրավապահների պաշտոնական պատասխանից` Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չեն տարել, բայց, մյուս կողմից, փաստ է, որ նա հիվանդանոցում՝ «Աստղիկ» բկ-ում եղել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս