
Ռոջեր Ուոթերսը Լոնդոնում համերգ կտա ի պաշտպանություն Ասանժի

Pink Floyd բրիտանական ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին Լոնդոնում համերգ կտա ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջում:
Նշվում է, որ համերգը կկայանա տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին), մետրոյի՝ Լոնդոնի կենտրոնական մասում գտնվող «Վեսթմինսթեր» կայարանում: Ուոթերսը մտադիր է կատարել Wish You Were Here («Ափսոս, որ դու այստեղ չես») կոմպոզիցիան: Միջոցառումը, ինչպես նշվել է Twitter-ում հրապարակված աֆիշայում, կանցկացվի «Պաշտպանեք խոսքի ազատությունը: Մի արտահանձնեք Ասանժին» կարգախոսի ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: