Կանանց էպիզոդիկ հիշողությունը տղամարդկանց համեմատությամբ ավելի լավ է զարգացած. գիտնականներ

Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պատմել են, թե կանանց մոտ որ հիշողությունն է ավելի լավ զարգացած, քան տղամարդկանց մոտ: Այդ մասին գրել է Daily Mail-ը:

Մասնագետներն ուսումնասիրել են 600-ից ավելի հետազոտությունների արդյունքներ, որոնք անցկացվել են 1973 եւ 2003 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում եւ վերաբերել են ավելի քան 1,2 մլն մարդու: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ կանանց մոտ ավելի լավ է զարգացած էպիզոդիկ հիշողությունը, ինչի շնորհիվ նրանք անհամեմատ ավելի լավ են մտապահում իրենց կյանքի իրադարձությունների մանրամասնությունները, օրինակ՝ խոսակցության մանրամասները, կամ կարողանում են ավելի արագ հիշել, թե ինչ է տեղի ունեցել անցած շաբաթվա որոշակի պահի:

Բացի այդ, կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, եւ նրանց մոտ նաեւ ավելի լավ է զարգացած սենսորային հիշողությունը, ինչի շնորհիվ նրանք ավելի լավ են տարբերում հոտերը: Այդուհանդերձ, գիտնականների խոսքով, տղամարդիկ եւս ունեն մի քանի առավելություններ, մասնավորապես, նրանք ավելի հեշտությամբ են մտապահում տարածական տեղեկատվությունը, ինչի շնորհիվ նրանց համար ավելի հեշտ կլինի, օրինակ, գտնել դեպի այն վայրը տանող ճանապարհը, որտեղ կայանված է ավտոմեքենան:

Սակայն գիտնականները նաեւ ընդգծում են, որ էպիզոդիկ հիշողությունը հիշողության ամենազգայուն տեսակներից մեկն է, ուստի կինն ավելի շատ է ենթարկվում բացասական այնպիսի գործոնների ազդեցությանը, ինչպիսիք են քնի պակասը, սթրեսը եւ ծերացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս